Ոչ մի լուրջ դիվանագետ չի համաձայնել ստանձնել արտգործնախարարի պաշտոնը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր առաջին այցն է կատարել Ռուսաստանի Դաշնություն:
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում նորանշանակ նախարարի այցը` պարոն Սուրենյանցը պատասխանել է․ «Նորություն չէ, որ ՀՀ արտգործնախարարների առաջին այցը հենց Մոսկվայում է լինում, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, քանի որ Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում չափազանց մեծացել է, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականության միակ ուղղությունը մնացել է Ռուսաստանը, հետևաբար Միրզոյանի այցը Մոսկվա կանխատեսելի էր: Ինձ համար անսպասելի մի հանգամանք կա. այդ օրերին ռուսական մամուլի մոնիթորինգ եմ արել ու պարզել, որ Միրզոյանի այցից մեկ-երկու օր առաջ ռուսական մեդիադաշտը բավականին, այսպես ասած, յուրայինի կերպարով էր ներկայացնում Միրզոյանին, այն նույն ռուսական ԶԼՄ-ները, որ տարիներ շարունակ նրա անձից փորձում էին սորոսական կամ արևմտյան գործակալի կերպար ստեղծել: Չգիտեմշ թե ինչո՞վ է Միրզոյանը վաստակել ռուսական էլիտայի վերահսկողության տակ գտնվող այդպիսի դրական վերաբերմունքը, բայց հատկանշական է, որ նույն Լավրովը իր վերջին ելույթում ներածական խոսքում հատուկ արժևորեց Միրզոյանի անձը՝ շեշտելով, որ նա շատ կարևոր ներդրում ունի հայ-ռուսական հարաբերություններում»։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանին արտգործ նախարար նշանակելու հանգամանքին և դիվանագտիական առաջընթացին քաղաքագետը ասել է․ «Հայաստանում արտգործնախարարը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք, ոչինչ չորոշող պաշտոնյա է: Պատահական չէ, որ ոչ մի լուրջ դիվանագետ չի համաձայնում ստանձնել այդ պաշտոնը նրա պաշտոնավարման օրոք: Չեմ կարծում, թե Արարատ Միրզոյանը մեծ դերակատարում ունի քաղաքականության մշակման գործում: Նրա հայտարարությունները, չէի ասի, թե շատ արտառոց էին, որովհետև դրանք վերջին երկու-երեք ամիսներին լսել ենք՝ մի փոքր տարբեր մեկնությամբ: Հայկական կողմի խնդիրը դիրքորոշում արտահայտելը չէ, այլ այնպես անելը, որ իր դիրքորոշումը ընկալելի լինի արտաքին գործընկերների համար, իսկ այստեղ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի»։
Սոնա Գիշյան