Անդրկովկասում տրանսպորտային միջանցքների շուրջ սրվում է մրցակցությունը Թուրքիայի և Իրանի միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆeurasia.expert-ը գրում է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին հայ-իրանական հարաբերությունները հատուկ ըմբռնում են պահանջում, ինչը պայմանավորված է տարածաշրջանային ճարտարապետությունում Թեհրանի աճող դերի ձևավորմամբ: Այս առումով Երևանի և Թեհրանի միջև երկխոսությունը պետք է կառուցվի ռազմավարական տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցության ստեղծման շուրջ ուղղված ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ: Խոսք է գնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ինտեգրման մասին:
Այնուամենայնիվ, տարածաշրջանում միջազգային դերակատարների շահերի բախման պատճառով նկատվող և օրեցօր աճող լարվածությունը թույլ չի տալիս ներդաշնակ և անարգել ինտեգրվել: Իր հերթին, Հայաստանը, լինելով այս ինտեգրման շահառուն, շարունակում է մնալ հետպատերազմյան շոկի մեջ, ինչը ազդում է հանրապետության թե քաղաքական, թե տնտեսական կայունության վրա: Եվ չնայած հայ-իրանական հարաբերությունները շարունակում են Թեհրանի և Երևանի կողմից հայտարարվել որպես կառուցողական, իրական քաղաքականության մակարդակում այդ հարաբերություններն առանձնանում են խնդիրների համալիրով:
Իրանի և Հայաստանի շահերից է ելնում Թեհրան - Ջուլֆա - Երասխ - Երևան - Թբիլիսի - Սև ծով երկաթուղային հաղորդակցության հաստատումը: Ակնհայտ է, որ այս երթուղին սկզբունքորեն հակասում է թուրք-ադրբեջանական տրանսպորտային ռազմավարությանը, որն ուղղված է հայկական Սյունիքով «Մեղրիի միջանցքի» ձևավորմամբ դեպի Նախիջևան մուտք գործելով: Հետևաբար, պատահական չէ ադրբեջանական զինուժի ակտիվության աճը հայկական Երասխի տարածքում, որը կարևոր դիրք է գրավում Հյուսիս-հարավ միջանցքում: Այսօր օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի ստորագրումը, որը ներառում է սահմանազատում և սահմանագծում, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում նոր սահմաններում, ինչպես նաև հաղորդակցության ապաշրջափակում:
Իրանը հասկանում է, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, և տրանսպորտային կապերի արգելափակումն իրականացվի «Արևելք-Արևմուտք» սցենարի համաձայն, Հարավային Կովկասում Անկարայի ազդեցության հետագա ամրապնդումը, նրա տնտեսական և, ի վերջո, մշակութային և քաղաքական ընդլայնման աճը անխուսափելի կլինի: Եվ այդ իմաստով այսօր Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են առավել քան երբևէ:
Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի, Հյուսիս-հարավ տարանցիկ մայրուղու (Իրան-Հայաստան-Վրաստան) շինարարության ակտիվացումը, ինչպես նաև Մեղրիի ազատ առևտրի գոտու արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումը պետք է դիտարկվի որպես Հայաստանի իշխանությունների գործունեության գերակա ուղղություն: Ավելին, անհրաժեշտ է թվում նաև միջպետական օրակարգ վերադարձնել այնպիսի նշանակալից, բայց կիսամոռացված նախագծեր, ինչպիսիք են Մեղրիի հիդրոէլեկտրակայանը, Թավրիզ-Մեղրի նավթամուղը, ինչպես նաև սահմանին գտնվող նավթավերամշակման գործարանը:
Իհարկե, նման մասշտաբային նախագծերի իրագործումը պահանջում է տարածաշրջանային կայունություն, փոխվստահություն և տնտեսական ներուժ, սակայն այդ նախագծերն առավել քան կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման և ամուր բովանդակությամբ լցնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը