Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ առկա ձևաչափով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ: Այս մասին երեկ հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 1-ից՝ առկա ձևաչափով, որը հնարավորինս փորձելու են ողջ տարի պահպանել։
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մյուս դասարաններից մեկ օր շուտ, որպեսզի կուտակումներ չառաջանան։ Ինչպես նաև առաջարկվում է միջոցառումները հնարավորինս բացօթյա իրականացնել։
«Այս տարի մենք շարունակում ենք ուսուցումը՝ թույլ տալով և շարունակելով արտաուսումնական խմբակների գործունեությունը, երկարօրյա կարգը։ Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաև այնպիսի դեպքեր, որ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի՝ արդյոք դպրոցը կարո՞ղ է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,- նշել է Անդրեասյանն ու տեղեկացրել, որ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի ողջ տարածքում, ընդհանուր առմամբ, առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա: