Հանրայինի գլխավոր թողարկման ժամանակ ոչ մի խոսք չկար ԱԺ օթյակից բռնի տեղահանված լրագրողների մասին, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների համատեղ կռվից. Նարեկ Կիրակոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի գլխավոր թողարկումը, որը 21:00-ին միաժամանակ հեռարձակվեց հիմնական և լրատվական ալիքներով՝ 10 րոպեանոց ռեպորտաժ է հեռարձակում Ազգային ժողովից, որտեղ ոչ մի խոսք չկա պատգամավորների խայտառակ պահվածքի պատճառով ԱԺ օթյակից բռնի տեղահանված լրագրողների մասին: Հանրայինի լուրերի գլխավոր թողարկման ժամանակ որևէ կերպ անդրադարձ չի կատարվում նաև այսօր ԱԺ-ում կազմակերպված լրագրողների խաղաղ բողոքի ակցիային, որը որևէ կերպ չի խոչընդոտել ԱԺ նիստի ընթացքը: Ի դեպ, բողոքի ակցիան խոչընդոտվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
ԱԺ-ի ռեպորտաժն այնքան էր իրականությունից կտրված, որ որևէ կադր ներառված չէր ՊՊԾ ծառայողների, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների համատեղ կռվից: Անվտանգության աշխատակիցները հասնում են ընդդիմադիր պատգամավորի մոտ և տեսարանը մի անգամից փոխվում է: Եվ ամենաուշագրավը: Հանրայինը, որը մեկ րոպե եթերաժամանակ չի տրամադրել լրագրողների խնդիրը լուսաբանելու համար, լրատվական և հիմնական ալիքներով այս պահին վերահեռարձակում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ամբողջական ելույթը: Այդ ելույթը երեք ժամ է: Սա միանշանակ վարչական լծակի չարաշահում է, բայց այստեղ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն խտրական մոտեցման վրա, որը կիրառում է Հանրային ՀԸ-ն լրագրողների նկատմամբ:
Հ.Գ. արդեն որևէ տարբերություն չկա՝ Հանրայինի եթերում ինչ-որ արտադրանք է, թե այսպիսի դատարկ կադր, դրանից ձեր լսարանը հաստատ բան չի կորցնում )
