Հարվածային ԱԹՍ-ներ և զրահամեքենաներ. Հայաստանում սպասում են նորագույն ռուսական ռազմական տեխնիկային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpolitexpert.net-ը գրում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Առիթը «Բանակ -2021» միջազգային բանակային խաղերի բացումն է, որին մասնակցում են 34 երկրների թիմեր:
Չի բացառվում, որ այցի հիմնական օրակարգը հայկական զինված ուժերին ռուսական նորագույն ռազմական տեխնիկայի հնարավոր մատակարարումների վերաբերյալ քննարկումների շարունակությունն է, որոնց նմուշները ներկայացված են խաղերի ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում: Մասնագետների կարծիքով, Երևանը, մասնավորապես, կարող է շահագրգռված լինել «Ռեմդիզել» ընկերության ներկայացրած հատուկ նշանակության ջոկատների զրահատեխնիկայի մատակարարմամբ: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ջոկատները բազմաթիվ կորուստներ են կրել ադրբեջանական բանակին ծառայություն մատուցող թուրքական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հենց բեռնատարներով անձնակազմի տեղափոխման ժամանակ: Հայկական բանակի համար մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանի արտադրած «Ֆորպոստ» ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք ևս ներկայացված են ցուցահանդեսին:
Վերջերս Արշակ Կարապետյանը Մոսկվայում բանակցել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որից հետո վերջինս Կարապետյանին նվիրել էր դաշույն և ասել, որ զենքի մատակարարումը Հայաստան կարելի է համարել սկսված: Սակայն, դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից, այդ գործընթացը երբեք էլ ընդհատված չի եղել:
«Անցյալ տարվա նոյեմբերից մենք զենք ենք ստանում մեր զինանոցի արդիականացման և նորացման համար, և այդ գործընթացը անընդհատ է», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը մտադիր է հետևողականորեն ամբողջովին արդիականացնել բանակը, և այդ խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի: Հենց այդ գործընթացն է մեծ դժգոհություն առաջացնում Բաքվում, որի մասին վերջերս բարձրաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պատասխանատու անձինք դեռ չեն հստակեցրել, թե ռազմական տեխնիկայի ինչ նոր մոդելների մասին է խոսքը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այս օրերին հետևում է «Խաղաղության մարտիկ» մրցույթին, որը մեկնարկել է հայկական հանգստավայր Դիլիջանում «Բանակ -2021» խաղերի շրջանակներում: Մրցույթին մասնակցում են զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Հունաստանից, Ղազախստանից, Կատարից և Ռուսաստանից: Միջոցառումը կտևի մինչև սեպտեմբերի 1 -ը: Այն ներառում է «Մարզիկ» ռազմական սպորտային մրցույթը, «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահար» մարտական պատրաստության առարկաների մրցումները, «Էրուդիտ» ինտելեկտուալ խաղը և «Կավալեր» («Մադամ») տաղանդների մրցույթը: Բացման արարողության ավարտին Արտակ Դավթյանը նշել է, որ դա առաջին նման միջազգային միջոցառումն է, որը կազմակերպել է հանրապետության պաշտպանության նախարարությունը 44-օրյա պատերազմից հետո: Գլխավոր շտաբի պետը Հայաստանին ռուսական նորագույն զինտեխնիկա մատակարարելու գործընթացը լրագրողներին մեկնաբանել է այսպես. «Ակտիվ աշխատանքներ են ընթանում: Կարծում եմ, երբ ժամանակը գա, մենք ցույց կտանք այն միջոցները, որոնք ստացվել և ձեռք են բերվել այս համագործակցության շրջանակներում: Մենք ունենք բազմաթիվ այնպիսի միջոցներ, որոնց մասին ներկայումս նպատակահարմար չէ խոսել և ներկայացնել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը