Լրագրողներն ԱԺ-ում կաշխատեն հատուկ առանձնացված վայրերում. նոր նախագիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։
Քննարկվեց Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողնեը կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:
13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց: