Ուզբեկստանի ՀՕՊ–ը Աֆղանստանի ՌՕՈւ–ին պատկանող ինքնաթիռ է խոցել. ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է խոցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից։
«Օգոստոսի 15-ին Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Աֆղանստանի ռազմական ինքնաթիռով Ուզբեկստանի օդային սահմանն ապօրինի հատելու փորձը», - ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Այսօր համացանցում լուսանկարներ և տեսագրություններ են տարածվել, որոնցում երևում են կործանված ինքնաթիռի մասերը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սուրխանդարյայի մարզի Շերաբադի շրջանում օգոստոսի 15-ի երեկոյան:
Ուզբեկստանի ՊՆ–ից ասել են, որ այժմ հետաքննություն է անցկացվում: Արտակարգ բժշկական օգնության հանրապետական գիտական կենտրոնի թերմեզյան մասնաճյուղի աշխատակիցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երկու օդաչուները ողջ են մնացել և գտնվում են Թերմեզի հիվանդանոցում, նրանց վիճակը ծանր է:
Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման (ճանաչվել է ահաբեկչական շարժում և արգելված է ՌԴ-ում) անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:
Երեկ հայտնի դարձավ, որ ապստամբներն իրենց վերահսկողության տակ են առել բոլոր սահմանակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրի կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում։