Հանրային հեռարձակողի խորհուրդը լքում են վերջին ընդդիմադիրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոյի գործունեությունը համակարգող Հանրային հեռարձակողի խորհուրդը լքում են վերջին ընդդիմադիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով սեպտեմբերի 1-ից կդադարեցվեն այդ կառույցի երկարաժամկետ անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները: Գալստյանը, վստահեցնելով, որ ինքնակամ է լքում կառույցը, կատարվածը իր կյանքի շրջադարձային որոշման գինն է անվանել: Իսկ դա, նա համարում է պատերազմում պարտվելուց հետո իր միանալը մտավորականության այն բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ավելին, նա հաստատել է, որ իր դիրքորոշումը հիմա էլ չի փոխվել: Ինչ վերաբերում է Մերուժան Տեր-Գուլանյանին, ապա նրա մտերմությունը ՀՅԴ-ի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատին երբեք էլ գաղտնիք չի եղել: Այսպիսով, Հանրային հեռարձակողի խորհրդում կմնա միայն մեկ մարդ, որը կապված չէ ներկայիս իշխանությունների հետ: Դա հայկական հեռուստաընկերության առաջին հաղորդավարուհի Նառա Շլեպչյանն է, որի ներկայությունը այդ կառույցում միշտ էլ խորհրդանշական է եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը