«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի մեկնարկը կտրվի սահմանամերձ Բերդավանում
ՄՇԱԿՈՒՅԹՕգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:
Փառատոնի մեկնարկն այս տարի կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Այս տարի եւս փառատոնը հագեցած ծրագիր ունի․ օգոստոսի 17-ից 19-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնք ներառված են «Մանկական ծրագրի» եւ «Միջազգային փառատոնային օրերի» շրջանակում: Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 41 երկրից:
Փառատոնի երեւանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:
Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների եւ արվեստագետների, ովքեր մեծ ներդրում եւ ասելիք ունեն հասարակական եւ մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք «#FrescoLive» խորագրով: