ՀԱՊԿ քարտուղարին դիմավորեցին կոշտ դիտողություններով․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին և չափազանց կոշտ արտահայտություններ արել։
«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»,- նշել է Կարապետյանը:
Նախարարը նաև ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին: Առաջին հայացքից նախարարի այս հայտարարությունները ականջ են շոյում, սակայն այս «խրոխտ» ընդվզումը կարող է լուրջ վտանգներ և խնդիրներ պարունակել։ Ըստ էության, Արշակ Կարապետյանի հայտարարությունն ուղղված էր ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, այլև ՀԱՊԿ անդամ-պետություններին, առաջին հերթին Ռուսաստանին։ Կամ Հայաստանը պահանջներ է դնում ՀԱՊԿ առջև՝ պահանջելով կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կամ էլ հանրությանը պատրաստում է նոր սրացումների։ Չմոռանանք Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքներ» ձևակերպումը, որից հետո էլ Հայաստանը տանուլ տվեց պատերազմը ու ահռելի տարածքներ կորցրեց։ Այս համատեքստում ուշագրավ է հենց այսօր պաշտպանության նախարարի Մոսկվա մեկնելու հանգամանքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կոշտ զրույցից հետո այսօր վաղ առավոտյան Կարապետյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Կարապետյանից կամ հաշիվ են պահանջելու իր դեմարշի համար, կամ պատրաստելու են նոր զիջումների։
Դավիթ Թորոսյան