Նախկին լրագրողները ընդդեմ մամուլի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» դարձել է Հայաստանի պատմության մեջ մամուլի դեմ աամենաշատ ասպատակություններ անող քաղաքական ուժը։ ԱԺ-ում իշխող խմբակցությունը, որի կազմում մոտ երկու տասնյակ նախկին լրագրողներ են, փորձում է հնարավորինս խոչընդոտել գործընկերների աշխատանքը խորհրդարանում։ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հրամանով սեպտեմբերից նոր սահմանափակումներ են մտցնելու, որոնց միակ նպատակը իշխանական պատգամավորների կոմֆորտն ապահովելն է, որպեսզի ընդդիմադիր լրագրողները չկարողանան մոտենալ նրանց, ոչ հաճելի հարցեր տան։ ԶԼՄ-ների համար նախատեսվելիք նոր սահմանափակումների համաձայն՝ պատգամավորների հարկաբաժիններ և աշխատասենյակներ մուտք գործելու համար պատգամավորները պետք է անցաթուղթ տան լրագրողին։ Սակայն այստեղ էլ են սահմանափակում մտցրել․ պարզվում է՝ նիստերի օրերին արգելված է անցագիր տալը։
Օրերս նորընտիր պատգամավորներին այդ մասին տեղեկացրել են աշխատակազմից։
«ԱԺ ղեկավարությունն առանձին սենյակ է նախատեսել լրագրողների համար՝ ԱԺ մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան ազատ տեղաշարժվել և ումից ուզում են՝ հարցազրույց վերցնել։ Բացի այս ամենը, անվտանգային այլ միջոցառումներ էլ են նախատեսվում, մասնավորապես դահլիճի մուտքի ֆոյեները երկու կողմից մտադիր են ապակեպատել, անցակետեր դնել, պատգամավորներին էլ հատուկ անվանական «չիպեր» բաժանել, որպեսզի այդ դռներով անցնեն դեպի դահլիճ»,- գրում է «Հրապարակը»։
Իսկ որպես իրենց անհեթեթ քայլի պատճառաբանություն «Քաղպայմանագրի» պատգամավորները շշուկներ են տարածում՝ իբր ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեռակտ է նախապատրաստվում, և սա ուղղված է դա կանխելուն: Իսկ անհեթեթ վարքագիծը արդարացնելու գործն էլ դրվել է նախկին պատգամավորների վրա։ Սարգիս Խանդանյանը, որ տարիներ առաջ մուտք էր գործել խորհրդարանի դահլիճ և առանց խոչընդոտների բողոքի ակցիա էր իրականացրել, այժմ հայտարարում է՝ լրագրողներ կան, այնպիսի ագրեսիվությամբ են հարձակվում պատգամավորների վրա, ահաբեկչի տպավորություն են ստեղծում, թվում է գոտին քանդելու են, շենքը պայթի։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այսքանից հետո դեռ իշխանական պատգամավորները համարձակվում են ցինիկաբար հայտարարել, թե Հայաստանում խոսքի ազատության մակարդակն աննախադեպ չափերի է հասել իրենց շնորհիվ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները շարունակելու են ամեն կերպ խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը, ճնշել մամուլի և խոսքի ազատությունը։
Արամ Մարտիրոսյան