Կորոնավիրուսի դեմ պատվաստում. Ինչու՞ ոչ բոլորի մոտ են կողմնակի ազդեցություններ առաջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈրոշ մարդիկ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բարձր ջերմություն եւ այլ կողմնակի ազդեցություններ են ունենում, իսկ ոմանք ընդհանրապես ոչինչ չեն զգում: Ավելին, այդ կողմնակի ազդեցությունները տարբերվում են ինտենսիվությամբ, եւ ախտանիշներն էլ բոլորի մոտ տարբեր են լինում:
Ինչո՞ւ է այդպես լինում
Գիտնականները բացատրում են, որ կողմնակի ազդեցություններ առաջանում են «պաթոգենների» հանդեպ իմունային համակարգի արձագանքի հետեւանքով։ «Հասկանալով, որ օտար բաղադրիչ է մտել օրգանիզմ, իմունային համակարգը սկսում է գործել: Մի կողմից՝ լեյկոցիտներն ու պաշտպանիչ հակամարմինները ուղարկվում են պոտենցիալ վնասատուի դեմ պայքարելու համար, մյուս կողմից՝ ակտիվանում է այն բորբոքումը, որը կոչված է հիվանդության հարուցիչին լիակատար ոչնչացման հասցնել: Այդ պահին մարդը կարող է զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, հոգնածությունը, մկանների ցավը, դողը եւ այլն:
Սակայն ոչ բոլորն են բախվում այս կամ այլ կողմնակի ռեակցիաների: Այս ամենը, ըստ գիտնականների, շատ անհատական է: Կարձագանքի՞ արդյոք մարմինը պատվաստմանը, եւ հատկապես ինչպես, կախված է նրանից, թե ինչպես է իմունային համակարգը ընդունում պատվաստանյութում պարունակվող հակագենը:
Էլ ի՞նչը կարող է նպաստել կողմնակի ազդեցությունների հայտնվելուն
Այնպիսի գործոնները, ինչպիսիք են տարիքը, սեռը, արդեն գոյություն ունեցող իմունիտետը, առողջական վիճակը, հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը, նույնպես կարող են ազդել պատվաստման դեպքում կողմնակի ռեակցիաների առաջացման վրա: Հետաքրքիր է, որ երիտասարդները, կարծես, ավելի հաճախ են բախվում նման ռեակցիաների, քան տարեցները: Բացի այդ, կանայք ավելի հավանական է, որ ունենան այսպիսի կողմնակի ազդեցություններ, քան տղամարդիկ: Ըստ երեւույթին, կանանց օրգանիզմում էստրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ավելի մեծ քանակի բորբոքային ռեակցիաների, ինչպես նաեւ դրանց տեւողության ավելացման:
Եթե կողմնակի ռեակցիաներ չկան, դա վա՞տ է
Պատվաստման հանդեպ շոշափելի ռեակցիաների բացակայությունը կամ դրանց շատ թույլ դրսեւորումը չի նշանակում, որ իմունային համակարգը չի ընդունել պատվաստանյութը կամ որ պատվաստանյութը չի գործում: Դա նշանակում է միայն մարմնի արձագանքի տարբերություն: Շատ մարդկանց համար, ովքեր կողմնակի ազդեցություն չեն ունեցել առաջին ներարկումից հետո, դրանք արտահայտվում են երկրորդ դեղաչափից հետո: Շատերի մոտ ընդհանրապես որեւէ ռեակցիա չի արտահայտվում, բայց հակամարմիններն օրգանիզմում արտադրվում են։