Թուրքիայում բացատրել են Ադրբեջանի հետ համատեղ բանակ ունենալու անհնարինությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLenta.ru-ն գրում է, որ Թուրքիան ՆԱՏՕ -ի անդամ է, ուստի չի կարող Ադրբեջանի հետ, որը դաշինքի անդամ չէ միասնական բանակ ստեղծել: Այս մասին Lenta.ru- ին տված հարցազրույցում ասել է Անկարայի Յըլդըրըմի անվան Բեյազիտի համալսարանի դասախոս, Անկարայի Ռուսագիտության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Սալիհ Յըլմազը:
Յըլմազը նշել է, որ ռազմական ոլորտում Անկարայի և Բաքվի սերտ համագործակցությունը չպետք է անհանգստացնի որեւէ մեկին, այդ թվում Ռուսաստանին: «Որովհետև Ռուսաստանի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրն ավելի առաջադեմ է, քան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված համագործակցության պայմանագիրը: Ռուսաստանը ռազմաբազա ունի Գյումրիում (Հայաստան)՝ Թուրքիայի հետ սահմանին», - պարզաբանել է փորձագետը: Նա նշել է, որ Կովկասում խաղաղությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունն ուղղված չի լինի Թուրքիայի դեմ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ:
Քաղաքագետը խոսել է նաև «թյուրքական ՆԱՏՕ» ստեղծելու գաղափարի մասին: Նրա խոսքով, չնայած նրան, որ երբեմն- երբեմն նման միտք է քննարկվում ԶԼՄ -ներում և փորձագիտական շրջանակներում, բայց նման կազմակերպության կարիքը չկա: «Թուրքիան ցանկություն չունի բոլոր թյուրքական երկրները մեկ բանակի մեջ հավաքել», - ասել է Յըլմազը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է Ադրբեջանի հետ թյուրքական համատեղ բանակ ստեղծելու մասին: Սակայն հետագայում հայտնի է դարձել, որ Շենթոփի խոսքերը սխալ են թարգմանվել: Քաղաքական գործիչն իրականում պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կստեղծվի միասնական բանակ, սակայն ասել է, որ կողմերը միայն համատեղ վարժանքներ են անցկացնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը