Բնակչությունը շատ դանդաղ է ընդգրկվում պատվաստումային գործընթացի մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին համար խրախուսիչ միջոցառումներ է նախաձեռնել։
Այս թեմայով զրուցել ենք նախկին առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի հետ։
Հարցին, թե Հայաստանում ինչո՞ւ են մարդիկ դեմ պատվաստվելուն` Արարատ Մկրտչյանը պատասխանել է․ «Պատճառը բնակչության պատրաստված և իրազեկված չլինելն է, մյուս կողմից պատվաստումների նկատմամբ անվստահությունն ու հակաքարոզչությունն է: Այդ ամենը բերում է նրան, որ շատ դանդաղ է բնակչությունը ընդգրկվում պատվաստումային գործընթացի մեջ»։
Հարցին, թե ընդհանրապես առողջապահության նախարարության քայլերն այս առումով ինչպե՞սն են` նախկին նախարարը պատասխանել է․ «Մեր առողջապահության նախարարության քայլերը դասական են, դասագրքային և միջազգային փորձի վրա հիմնված: Հայաստանն ինքն իրենով մեկուսացված մի երկիր չի, հետևաբար տարբեր միջազգային կառույցների, երկրների հետ համահունչ գործողություններ է իրականացնում: Ոչ մի արտառոց բան չկա, նորմալ, ուրիշ երկրներում իրականացվող քայլերի նման քայլեր ենք անում, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նաև իր շտեմարաններում, իր մասնագետների կողմից երկրներին որպես խորհրդատվություն տրամադրվում են: Այսինքն միջազգային ասպարեզում ընդունված քայլերին համահունչ քայլեր են իրականացվում մեզ մոտ»։
Սոնա Գիշյան