La Croix․ Ֆրանսիան պետք է օգտագործի իր հնարավորությունը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆfondsk.ru-ն գրում է, որ «Եկել է ժամանակը Հայաստանի վրա ազդեցության լծակները օգտագործելու համար ի շահ Ֆրանսիայի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի ընտրություններում նրան թույլ է տվել վերադառնալ իր պարտականություններին: Հիմա Հայաստանը խաչմերուկում է: Հետեւաբար, Ֆրանսիան պետք է կատարի մի կարևոր պարտականություն: Գրեթե երեք տասնամյակ մեր երկիրը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, փորձում է ապահովել խաղաղ կարգավորում Հարավային Կովկասում: Այդ խմբի դիվանագիտական ձախողումը դարձել է Երևանի և Բաքվի միջև պատերազմի գործոններից մեկը, տևական խաղաղություն դեռ չի հաստատվել, և այժմ Ֆրանսիան հնարավորություն ունի ցույց տալ իրեն», - գրել է ֆրանսիական ամենօրյա առավոտյան La Croix պարբերականը:
«Պարզապես անհրաժեշտ է, որ Ֆրանսիան ցույց տա իրեն, քանի որ վտանգված է ոչ միայն Հարավային Կովկասի ապագան, այլ նաև Ֆրանսիայի որպես միջնորդի միջազգային հեղինակությունը: Եվ դրա համար, առաջին հերթին, Փարիզը պետք է փոխի իր մոտեցումը տարածաշրջանի և այնտեղի խնդիրների նկատմամբ: Ավելին, Ֆրանսիան այսօր մեծ առավելություն ունի Հայաստանում այլ երկրների (բացառությամբ Ռուսաստանի) նկատմամբ, և դա այն անսասան աջակցության արդյունքն է, որը Փարիզը միշտ ցուցաբերել է Երևանին: Ժամանակն է օգտագործել այս լծակը ի շահ Ֆրանսիայի,- ընդգծել է La Croix-ը,- այսօր Հայաստանի տնտեսությունը կաթվածահար է: Առևտրի համար փակ են միջազգային սահմանները ոչ միայն թշնամական երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, այլ նաև բարեկամ քրիստոնյա Վրաստանի հետ: Բաց է մնում միայն հայ-իրանական սահմանը: Եվ, իհարկե, այսօր Երևանը ավելի շատ է կախված Ռուսաստանից, քան երբևէ, և այդ կախվածությունը սպառնում է Հայաստանին էլ ավելի խոցելի դարձնել, և միայն Ֆրանսիան կարող է փրկել հայերին, միայն Փարիզը գիտի, թե որտեղ է փակուղուց դուրս գալու ելքը»:
«Ֆրանսիացիները հարևանների հետ հակամարտության երկար և դառը փորձ ունեն, բայց նրանք նաև հասկանում են, որ տնտեսական համագործակցությունը և ընդհանուր բարգավաճումը կարող են հաղթահարել պատմության ամենաողբերգական դրվագները: Անդրսահմանային տնտեսական համագործակցության խթանումն ու աջակցությունն այսուհետ պետք է դառնան Հարավային Կովկասում ֆրանսիական քաղաքականության գերակայությունը: Ժամանակն է բացել սահմանները և վերականգնել կենսական նշանակության տրանսպորտային կապերը,-գրել է հոդվածի հեղինակ, ԵԽԽՎ պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Ջերեմ Լամբերտը: Նրա կարծիքով, բացի քաղաքական հետաքրքրությունից, Փարիզը ունի նաև զուտ տնտեսական հետաքրքրություն. ներդրումների հնարավորությունները հսկայական են, հատկապես պատերազմով ավերված Լեռնային Ղարաբաղի տարածքներում:
Հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մաքուր էներգիան, տրանսպորտը, տուրիզմը և այլն բոլորը միջազգային ներդրումների կարիք ունեն: Եվ եթե Ֆրանսիան ի վիճակի է օգտվել բացված հնարավորություններից, ապա դա ոչ միայն կվերականգնի իր լիազորությունները որպես միջնորդ, այլ նաև կխթանի ֆրանսիական ընկերությունների առևտրային շահերը Հարավային Կովկասում: «Այսօր Ֆրանսիայի շահերից է բխում օգնել Հայաստանին, որ նա դուրս գա մեկուսացումից: Տարածաշրջանի ներուժի բացման բանալին Երևանում է, և Երևանը լսում է Փարիզին: Ժամանակն է համոզվել, որ նրա ձայնը լսվում է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական խողովակներով», - հայտարարել է La Croix- ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը