Մենք գտնվում ենք հարահոսուն վիճակում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը վերջին օրերին Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ռազմական գործողություններ է սկսել։
Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։
Հարցին, թե արդյոք լայնածավալ գործողությունների պետք է սպասել` փորձագետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ ոչ, բայց Երասխում վերջին 10 օրերին երկու անգամ սրացում եղավ, հիմա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա։ Մի օր էլ մի ուրիշ տեղում կլինի և այսպիսի սրացումներ լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղ չենք, թուրքը մեր ամրությունը միշտ ստուգելու է։ Հիմա ասում են, որ մենք դիրք չենք կորցրել, Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց՝ կորցրել ենք, հետ ենք բերել, բնական է, որ շատերն էլ չեն հավատում։ Նման դեպքերում մանիպուլյացիաներ շատ են լինում։ Անցել են այն ոսկե ժամանակները, երբ մեր ՊՆ-ն մի բան ասում էր և մենք նրան հավատում էինք։ 6-7 տարի առաջ, երբ Ալիևն ասում էր՝ 10-15 զոհ ունեն, մեր Արծրուն Հովհաննիսյանը ասում էր՝ մենք զոհ չունենք կամ ունենք մեկ հոգի, մենք հավատում էինք և անցնում առաջ։ Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո մսխվեց բանակի հեղինակությունը՝ ի դեմս նրա ասած խոսքի։ Հեղինակությունը տարիներով են ձեռք բերում, բայց կորցնում են շատ արագ։ Եվ այսօր Արծրուն Հովհաննիսյանի խոսքը ոչ միանշանակ է ընկալվում։ Մեր երկիրն այսօր գտնվում է ինստիտուցիոնալ քայքայված վիճակում, ընդ որում՝ չկա որևէ հիմք, որ այդ քայքայումը վերանա։ Մենք, ցավոք, չունենք պետական ինստիտուտներ, որոնք ինչ-որ համակարգեր կղեկավարեն։ Մենք գտնվում ենք հարահոսուն վիճակում»։
Անդրադառնալով այն հարցին, թե փորձագետն արդյոք վտանգներ տեսնում է, որ Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը` Մհեր Հակոբյանը պատասխանել է․ «Բնականաբար, Էրդողանի երազանքն է ստեղծել թյուրքական համատեղ բանակ, բայց ես կարծում, որ դրան շատ ժամանակ կա։ Լոկալ խնդիրների համար կան բոլոր հնարավորությունները միասնական բանակ կամ գոնե այնպիսի բանակ ունենալու, որը կկռվի, եթե ոչ դե յուրե միասնական, ապա դե ֆակտո միասնական և մեծ հաշվով տարբերություն չկա»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը