Արևմուտքը լուրջ հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկելու Հայաստանի հայտը պաշտպանության ոլորտում:
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Հարցին, թե ինչով է բացատրվում Ֆրանսիայի ակտիվությունը քաղաքագետը ասել է․ «Սա առանձին վերցրած ինչ-որ հայտարարություն չէ՝ տեսնում ենք, որ Ֆրանսիան բավականին հասկանալի ու դիվանագիտական լեզվով, երբեմն էլ՝ այդ լեզուն անցնելով, ցույց է տալիս, որ Արևմուտքը լուրջ հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ: Չեմ կարծում, թե սա Ֆրանսիայի առանձին նախաձեռնությունն է, դեսպանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Արևմուտքը լուրջ շահագրգռվածություն ունի և պատրաստ է որոշակի անվտանգային խնդիրների լուծմանը մասնակցելու Հայաստանում: Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Ֆրանսիան ներկայացնում է Եվրամիությունը, իսկ Եվրամիությունն անվտանգության սպառող է, ոչ թե անվտանգության արտադրող, ինչից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիայի դեսպանի հայտարարության հետևում կանգնած է ոչ այնքան Ֆրանսիան կամ Եվրամիությունը, որքան այլ ուժեր, որոնք անվտանգություն արտադրող են, նկատի ունեմ ԱՄՆ-ին: Սա Հայաստանի համար իհարկե հնարավորություն է, որը պետք է անպայման օգտագործել, որովհետև դա չօգտագործելը մեզ թողնում է այն անվտանգային համակարգի հույսին, որի արդյունքը մենք տեսանք 2020-ի աշնանը»։
Սոնա Գիշյան