Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակոցներ են արձակում: Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայողը: Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերն էլ ադրբեջանական զինված ուժերի հրազենային զինատեսակներից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Այս թեմայով զուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
Հարցին, թե թուրքական կողմը արդյոք ներգրավված է Ադրբեջանի կողմից իրականացվող սանձարցակ գործողությունների մեջ` թուրքագետը ասել է․ «Ես կարծում եմ, որ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները մեր տարածաշրջանում համաձայնեցված են կամ ուղղորդվում են Թուրքիայի կողմից: Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Շուշիի հայտարարագրից պարզ է և երևում է, որ երկու երկրները սկսել են գործընթաց, որի նպատակն է՝ ստեղծել դաշնային պետություն: Ես կարծում եմ՝ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում այդ նպատակը երկու պետությունների առջև դրված է և ես դա դիտարկում եմ ոչ միայն՝ Թուրքիա, Ադրբեջան՝ այդ երկու պետությունների սերտաճման գործընթաց, այլ նաև՝ պանթուրքիստական ծրագրերի տեսակետից: Փաստորեն, Ադրբեջանը պանթուրքիստական ծրագրերի տեսակետից դառնում է առաջինը, որ, այսպես ասած, բռնում է այդ ճանապարհը և պետք է օրինակ հանդիսանա այլ թուրքալեզու պետությունների համար: Այնպես որ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանին՝ Նախիջևանի հետ, Երասխում, դրանում, ըստ էության, ես համոզված եմ՝ թուրքական շատ ուժեղ մասնակցություն կա։ Կարծում եմ, որ այդ գործողությունները, որը մենք ակնհայտորեն տեսնում ենք, և ծրագրերը, որ վերլուծությունների միջոցով մենք կարողանում ենք բացահայտել, պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան մեր իշխանությունների կողմից, և պետք է դրան փորձել հակահարված տալ առաջինը դիվանագիտական միջոցներով, և, իհարկե, ռազմական առումով պատրաստ լինել ամեն տեսակի պրովոկացիաների: Այնպես որ՝ այստեղ աշխատելու մեծ դաշտ կա, և մեր դիվանագիտությունը պետք է մոտակա ապագայում այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք տանի, որպեսզի այս ծրագրերը, որի մասին խոսեցի, հասու դառնան նաև այլ պետություններին»։
Սոնա Գիշյան