Արմատական ընդդիմությունը կգնա խորհրդարան․ Փաշինյանի գործը բարդանում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները երեկ հայտարարություն են տարածել, որ վերցնելու են մանդատները և գնալու են խորհրդարան, որտեղ արմատական ընդդիմություն են լինելու, փչացնելու են փաշինյանական ապիկար իշխանության տրամադրությունը։ Իր հայտարարության մեջ «Հայաստան» դաշինքն արձանագրում է, որ ՍԴ որոշմամբ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը:
«Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։ Պայքարը շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ։
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ անդրադարձել է անվտանգային խնդիրներին, արձանագրել, որ կապիտուլյանտ իշխանությունների՝ մեր հասարակությանը խոստացված անարժանապատիվ խաղաղությունը ոչ միայն մեր երկրին կայունություն, անվտանգություն և իրական անդորր չի բերել, այլև էապես մեծացրել է նոր ագրեսիայի հավանանականությունն ու մեր անվտանգությանը սպառնացող վտանգները:
«Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բավարարվել պատերազմում և պատերազմից հետո կորզած զիջումներով, այլ օգտվելով Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքից, ապիկարությունից, իրադրությունը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլյացիոն օրակարգ: Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարվածության բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիորեն աճում են, ինչը հղի է անդառնալի հետևանքներով»։
«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ։ Փաստացի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԱԺ են ուղարկում բավական ագրեսիվ և պատրաստված թիմ, որը խոսելու, քննադատելու, ընդհուպ ձեռնամարտի բռնվելու խնդիրներ չունի։ Բարդ կլինի Նիկոլ Փաշինյանի թիմակիցների համար դիմադրել ընդդիմության ճնշումներին։
Տիգրան Յոլչյան