Բենզինն էժանացել է, բայց այն ավելի քի՞չ են գնում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNews.am-ը գրում է.
Պաշտոնական տվյալներով՝ հունվար-ապրիլին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ գներում տարեկան կտրվածքով կրճատվել են 8.1%-ով: Այս միտումը, որը սկիզբ է առել անցյալ տարվանից, մեծ մասամբ կապված է արտերկրից մասնավոր դրամական փոխանցումների զգալի կրճատման հետ: Բայց այստեղ նաեւ այլ գործոններ կան:
Բացարձակ արտահայտությամբ առեւտրում անկումը մեկ տարվա ընթացքում կազմել է ավելի քան 30.1 մլրդ դրամ, այդ թվում, այսպես կոչված, «առեւտրի այլ օբյեկտների մասով՝ ավելի քան 22.1 մլրդ դրամ: Նշենք, որ այդ «այլ օբյեկտները» զբաղվում են վառելիքի ներկրմամբ:
Ընթացիկ գներում նշված «օբյեկտների» շրջանառությունը հունվար-ապրիլին կրճատվել է գրեթե մեկ երրորդով (32.7%-ով):
Նշենք, որ առեւտրում անկումն ամենեւին էլ համարժեք չէ բենզինի եւ դիզվառելիքի գների նվազմանը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, մեկ տարվա ընթացքում (ապրիլի դրությամբ) բենզինն էժանացել է գրեթե 12%-ով, դիզվառելիքը՝ 15%-ով:
Ստացվում է, որ բենզինի եւ դիզվառելիքի մրցունակությունը շուկայում, կարծես, աճել է: Սակայն բազմաթիվ վարորդներ համեմատաբար «էժան» գազը նախընտրում են «թանկարժեք» բենզինից: Հավելենք, որ գազի գինը գրեթե նույնն է մնացել (0.5%-ով անկում է գրանցվել):
Գազի իրացման «գաղտնի» ցուցանիշների հրապարակումը (ինչպես նաեւ բենզինի եւ դիզվառելիքի) կպարզաբաներ այս հարցը: Սակայն նման տվյալները, ինչպես նաեւ շատ այլ ցուցանիշներ, «կոմերցիոն գաղտնիք» են: Միաժամանակ, իրադրությունը նաեւ այսպիսի բացատրություն ունի. այս ոլորտում «ստվերի» աճ:
Անցյալ տարվա տվյալներով, Հայաստան նավթամթերքի ներկրումը կրճատվել է 27.1 հազար տոննայով կամ 8.3%-ով: Ռուսաստանի մասով անկումը կազմել է 5.9 հազար տոննա (2.6%): Զարմանալի է, որ ներկրման կրճատումը տեղի է ունեցել այդ ապրանքների արժեքի նվազման ֆոնին: Այսպես. նավթամթերքի միջին մաքսային գինը նվազել է 27.9%-ով, այդ թվում Ռուսաստանից ներկրվող նավթամթերքինը՝ 28.1%-ով:
Հավելենք, որ նավթամթերքի ներկրման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում ավելացել է 4.3 տոկոսային կետով՝ գերազանցելով 73%-ը: Արդյունքում ռուսական վառելիքի դիրքերը, չնայած ներկրման որոշակի կրճատմանը, ավելի են ուժեղացել այս շուկայում:
Սմբատ Գրիգորյան