Կառավարությունը պետք է օգտվի այս հնարավորությունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ն առաջնահերթ հատուկ ծրագրերի իրականացման համար ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալը՝ հասցնելով 2,6 մլրդ եվրոյի:
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ ուղերձ է այս քայլով ԵՄ-ն ուղղում Հայաստանին` քաղաքագետը պատասխանել է․ «Նախ ուզում եմ ասել, որ մենք միշտ էլ աշխատել ենք ԵՄ-ի հետ և միշտ էլ ԵՄ-ն Հայաստանին աջակցել է։ Այստեղ որևէ նոր և առանձնահատուկ բան չպետք է տեսնել։ Մեկ փաստ արձանագրեմ. մինչև 2020-ը 25 տարվա մեջ ԵՄ-ն Հայաստանին առնվազն 1,5 միլիարդ աջակցություն է ցուցաբերել, ծրագրեր է իրականացրել։ Բացի այդ, COVID-ի հետ կապված վերջին մեկ տարվա մեջ աջակցությունը 100 մլն եվրո էր։ Տարբեր ծրագրերի շրջանակներում՝ երկկողմ, բազմակողմ, մենք միշտ ԵՄ-ից աջակցություն ենք ստանում, բայց այս վերջինն աննախադեպ մեծ է, փաթեթը կազմում է 2,6 մլրդ։ Ինչո՞ւ, որովհետև ԵՄ-ն հասկանում է, որ Հայաստանը բավականին ծանր վիճակի մեջ է COVID-ից, պատերազմից հետո, բայց գլխավոր պատճառը, թե ինչու է այսքան աջակցություն ցուցաբերում, Հայաստանում անցկացված բավական հաջող ընտրություններն են։ Նրանց համար շատ կարևոր է, որ պետությունը շարունակում է գնալ դեպի ժողովրդավարություն։ ԵՄ-ն ուզում է Հայաստանին և հայ ժողովրդին աջակցել՝ հասկանալով, որ ծանր սոցիալական վիճակ է, պատերազմից հետո ծանր հոգեբանական վիճակ է, կան բազմաթիվ խնդիրներ։ Եվ այս մեծ փաթեթի աջակցությունը պայմանավորված է նրանով, որ մեր հասարակությունը պայքարում է ժողովրդավարության համար, ինչը ԵՄ-ի համար շատ կարևոր է։ Ուզում եմ շեշտել, որ սխալ է հիմա այս աջակցության մեջ աշխարհաքաղաքականություն փնտրել։ ԵՄ-ն երբեք զորք չունի և չի ունենա, ռազմական ոլորտում երբեք չի համագործակցել և ոչ էլ կհամագործակցի, ԵՄ-ն տնտեսական, սոցիալական դաշտում բարեփոխումներին աջակցող է։ Շատ լուրջ բարեփոխումներ են Երևանում կանաչ քաղաքի գաղափարը առաջ տանելը, փոքր բիզնեսին ուղղակի աջակցություն, և հիմա մեզ պետք է կառավարության հետ միասին այս ծրագրերն իրականացնել։ Այսօր կառավարությունն էլ պետք է օգտվի այս գումարներից՝ իրականացնելու այն ծրագրերը, որ այսպես թե այնպես ուզում էր իրականացնել, սակայն հնարավորություն չուներ։ Ի վերջո, կառավարությունը COVID-ի ժամանակ փոքր և միջին բիզնեսին գումարներ է հատկացրել, և հիմա նույն այդ ծրագրերի շրջանակներում ԵՄ-ն պատրաստ է աջակցելու, և դա պետք է շարունակել զարգացնել։ ԵՄ-ն ոչ միայն մեզ է աջակցում, այլ նաև աջակցում է Վրաստանին՝ համարելով, որ այնտեղ էլ կան ժողովրդավարության ինստիտուտներ»։
Սոնա Գիշյան