Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածման մասին. պիկը կլինի օգոստոսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Իմունացման խորհրդի անդամ, Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխայիձեն:
Ըստ Չխայիձեի, անհրաժեշտ է, որ օրական պատվաստվի 15-20 հազար մարդ՝ հաշվի առնելով այն փաստը, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արդեն տարածված է երկրում:
Նա նշել է, որ եթե իրավիճակը չփոխվի, և բնակչությունը հրաժարվի իմունիզացիայից, ապա նրանք ստիպված կլինեն համաձայնել արևմտյան հրատարակությունների կարծիքի և գնահատականների հետ, ըստ որոնց` համավարակը Վրաստանում կավարտվի 2023 թվականին, ինչը մեծ թվով զոհեր է ենթադրում:
Չխայձեի կարծիքը կիսում են վրացի համաճարակաբանները և զգուշացնում առաջիկա դժվար և ճգնաժամային շաբաթների մասին: Նրանց խոսքով՝ գագաթնակետը կլինի օգոստոսին: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ փորձագետները սկսել են խոսել որոշակի սահմանափակումների և կանոնների վերանայման անհրաժեշտության մասին: