Նոր սկանդալ թատերական աշխարհում (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, իսկ կամերայինի շենքը տրամադրել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին ու այդպիսով լուծել սիմֆոնիկի շենքի հարցը: Թատրոնի լուծարման լուրը աշխատակիցները նախ իմացել են իրենց տնօրենից, հետո այն հաստատել է փոխնախարար Արա Խզմալյանը, բայց դա դեռ որոշում չէ և օրենքի ուժ չունի:
Tert.am-ի հետ զրույցում դերասանները նշեցին, որ իրենք ակտիվ գործունեություն են ծավալում, ամսական 25 ներկայացում են խաղում, ունեն իրենց հանդիսատեսն ու խաղացանկը. մտահոգված են՝ միանալով այլ կոլեկտիվի կկորցնեն իրենց դիմագիծը:
Արտիստները կողմ են, որ նրանց իսկ բնորոշմամբ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր տանիքն ունենա, բայց ոչ իրենց թատրոնի լուծարման հաշվին: Փոխնախարարի հետ հադիպումից մանրամասներ ներկայացնելով՝ նրանք ընդգծեցին, որ նախարարությունն այդպիսով ցանկանում է բարելավել իրենց աշխատանքային պայմանները, մինչդեռ դերասաններն այդ կարծիքին չեն:
Արտիստները փորձում են կանխել երկու թատրոնի միավորման նախաձեռնությունը, քանի որ նրանց համոզմամբ՝ երկու տարբեր դերասանական կազմի միավորումը անթույլատրելի է և պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Այդ կարծիքին է նաև Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը նաև Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
«Մեկ դերասան ընդունելու համար մենք մեկ-երկու ամիս տանում-բերում ենք մարդկանց: Թատերախումբ մտնելը այդքան հեշտ բան չէ: Նույնիսկ չեմ քննարկում թատրոն լուծարելու հարցը, ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է 30 մարդ գա և ասի. «Այսօրվանից մենք ձեր դերասաններն ենք»»,- Tert.am-ի հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց Հակոբ Ղազանչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: