Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 7-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։
Հարցին, թե ինչ ցույց տվեց այդ հանդիպումը ,քաղաքագետը պատասխանել է․ «Հանդիպումը Պուտինի հետ ցույց տվեց, որ Հայաստանին իսկապես պարտադրվում են այն լուծումները, որոնք գծագրվել են իմ նշած ընդհանուր ռազմավարության կոնտեքստում՝ Ռուսաստանի կողմից։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն ըստ էության ունի երկու ճանապարհ՝ 100 տոկոսով սպասարկել այդ գիծը և դառնալ ոչ միայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեղավորներից ու պատասխանատուներից մեկը, այլ բացարձակ միակ մեղավորն ու պատասխանատուն` Հայաստանի պետական շահերը ռուս-թուրքական ոտքերի տակ գցելու գործընթացի համար։ Ինքը Հայաստանի պատմության մեջ ոչ միայն մնալու է որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի գլխավոր մեղավորներից մեկը, այլ միակ մեղավորն ու պատասխանատուն այն գործընթացի, եթե Հայաստանը դառնա Հարավային Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի այդ բալանսի կնքահայրը։ Առանց իրեն հիմա հնարավոր չէ այդ կնքահայրությունն անել, եթե ինքը դեմք ցույց տա, եթե անվտանգային բացը լրացնելու քաղաքական գիծը տանի հստակ։ Անգամ, եթե նա հասկանում է, որ ժամանակը սուղ է, որ իրենից պահանջվում է արագացված գործել, ինքը դանդաղությամբ պետք է տանի գործընթացը, ժամանակը ձգի, որպեսզի կարողանա դուրս գալ այդ վիճակից։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը նույն գրաֆիկով ու լուծումներով, նույն ընթացակարգով ու արագացված տեմպերով է շարժվելու, որոնք իրեն մատուցվում են, նա դառնալու է այս ամբողջ գործընթացի միակ մեղավորը։ Եվ հայ ժողովրդի կողմից իրեն ամենախիստ պատիժն է հասնելու առաջիկայում։ Այստեղ արդեն իրեն չեն կարող փրկել ժողովրդի ընտրությունը, լեգիտիմության մասին ձևակերպումները։ Այդ լեգիտիմությունը ոչ միայն չեզոքացվելու է, այլ ինքը կանգնելու է շատ լուրջ ֆիզիկական դատաստանի առաջ»։
Սոնա Գիշյան