Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երբեք դուրս չի գալու Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ նախապես պայմանավորված որոշումների շրջանակից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ-ը, ըստ էության, մերժեց Հայաստանին՝ նշելով, որ Հայաստանի հարավում իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին և համարվում է «սահմանային միջադեպ»:
Հայաստանի արձագանքը չուշացավ, մասնավորապես, ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն:
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։
Հարցին, թե ինչպես է քաղաքագետը գնահատում այս գործողությունները` Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «Այդ ամբողջը գնահատում եմ որպես շոու, որի մասնակիցներն են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունները: Այդ շոուն ուղղված է մեր հանրությանը, որի նպատակն է պահել այդ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում: Այն, որ այս իրավիճակը չի տեղավորվում ոչ մի ողջամիտ կանոնների մեջ, ակնհայտ է: Երևում է, որ ակնհայտորեն, արհեստական ստեղծած լարվածություն է»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի մերժելուց հետո Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ին` քաղաքագետը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են դուրս գալ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ նախապես պայմանավորված որոշումների շրջանակից: Եթե նույնիսկ այդպիսի քայլ արվի, այն արվելու է անկախ քաղաքականության իմիտացիա ստեղծելու նպատակով, այլ ոչ թե որևէ արդյունքի հասնելու համար: Հայաստանում այսօր իշխող ուժը, կառավարությունը իր գլխավոր առաքելությունն է կատարում՝ սպասարկելով Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից տարածաշրջանում, իրենց կարծիքով՝ խաղաղություն հաստատելու գործընթացը: Դիմել ՄԱԿ՝ նշանակում է հակառակվել այդ գործընթացին»։
Սոնա Գիշյան