Աշխարհների պատերազմները և Հայաստանի փակուղիները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆzonakz.net-ը գրում է, որ պատմությունը, աշխարհագրությունը և աշխարհաքաղաքականությունը Երևանին ամուր պահում են խնդիրների լաբիրինթոսում: Հայաստանը ուժեղ տրոհումների է ենթարկվում սկսած ռազմական պարտությունից մինչև ինքնության ճգնաժամեր: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի խորհրդարանական ընտրություններում 53,92% ձայների արդյունքով հաղթանակը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը չի կարող փոխարինող առաջարկել այն առաջնորդին, որը բերել է Լեռնային Ղարաբաղի կորուստը: Մինչդեռ Երևանի առջև ծառացած խնդիրները չեն նվազել:
Գրեթե երեսուն տարի է պահանջվել Ադրբեջանից վերականգնվելու 90-ականների սկզբի պարտությունից հետո, ապա վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը իր վերահսկողության տակ: Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր երազում են վրեժ լուծել: Ճիշտ է, այսօր բացարձակապես պարզ չէ, թե ե՞րբ և ինչպե՞ս պայմանները կառաջանան դրա համար: Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հակառուսական կարգախոսների ներքո, և ցույց է տվել այն քաղաքական կապիտալի վերածելու ունակությունը: Պարոն Փաշինյանն ինքը և նրա գրեթե ամբողջ շրջապատը Ջորջ Սորոսի բույնի ճտերն են, ուստի նրանք ակտիվորեն կուրս են վարում դեպի Եվրամիություն: Բառերով դժվար չէր դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ, բայց իրականությունը պարզվել է, որ բոլորովին այլ է: Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և լուծել հիմնական տնտեսական, տրանսպորտային և ռազմական խնդիրները: Եվ նույնիսկ եթե առաջնորդների միջև փոխադարձ սեր չկա, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մի քանի անգամ գերազանցում է հակառակին: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքներից հետո հինգ տարի ժամկետով, Մոսկվան իր խաղաղապահներին է տեղակայել Լեռնային Ղարաբաղի մնացորդների վրա: Թե ինչ կլինի հետո, պարզ չէ: Կրեմլում ոչ ոքի պետք չէ հայկական ռեւանշիզմը: Բացի այդ, Թուրքիան է Բաքվի թիկունքին: Շուշի քաղաքում ստորագրված դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ թուրք-ադրբեջանական հռչակագիրը միանշանակորեն ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում Անկարան ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքների վրա, առաջացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը: Ներկայիս Հայաստանը չի կարող որևէ բան հակադրել սահմանի հարցում Բաքվի ռազմական ճնշմանը, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների խաղաղապահներ տեղակայել: Այդ նախաձեռնության վերաբերյալ հայ հասարակության մեջ չկա որևէ համաձայնություն, և մեծ վախեր կան նոր խնդիրների առաջացման համար, եթե այդպիսի սցենար իրականացվի:
Նոր հին կառավարությունը պետք է շտապ լուծի տնտեսական խնդիրները: Պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է լքել Հայաստանը, և գրեթե բոլորը չեն վերադարձել: 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող պետության համար դա շատ է: Երկիրը կանգնած է քաղաքացիների արտագաղթի նոր ալիքի շեմին, որը հետ է պահվում հիմնականում Ռուսաստանում կարանտինային սահմանափակումների շնորհիվ:
Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հակառուսական են տրամադրված պատերազմում Մոսկվայի դիրքորոշման պատճառով: Միևնույն ժամանակ, նրանք Ռուսաստան են մեկնում մշտական բնակության (հիմնականում Սև ծովի հարավային շրջաններ), քանի որ Հայաստանում ոչինչ չկա անելու:
Երևանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է այնպես, որ օբյեկտիվորեն անհրաժեշտ է ավելացնել ռազմական ծախսերը: Իսկ տնտեսությունը հզոր հարվածներ է ստացել նախ կորոնավիրուսից, իսկ հետո Ադրբեջանից կրած պարտության արդյունքում: Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի (մինի-հիդրոէլեկտրակայաններ), գյուղատնտեսական ապրանքների, շինարարական քարերի, ոսկու և պղնձի արդյունահանումը դադարեցվել է իր ամբողջ ենթակառուցվածքներով:
Շատ դժվար է կողմնորոշվել դեպի Եվրամիություն, երբ երկրի ապրանքաշրջանառության 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Հայաստանը դեպի ծով ելք չունի: Թուրքիան ու Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված Երևանի նկատմամբ, իսկ Իրանի հետ չկան բարձրորակ տրանսպորտային զարկերակներ: Ադրբեջանի հետ վերջին պատերազմը ցրել է այն բոլոր պատրանքները, որոնք կապված են արտասահմանում հայկական սփյուռքի հնարավորությունների հետ: Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում էթնիկ հայերը շատ քիչ գումար են հավաքել իրենց պատմական հայրենիքի համար: Հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկացիները զբաղված էին նախագահական մրցավազքով, նրանք փաստացի անմասն են մնացել Անդրկովկասի գործերից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի անգամ վիճաբանել է Թուրքիայի ղեկավարի հետ (այդ թվում հայկական հարցով), բայց դրանից ռազմաճակատում ավելի հեշտ չի դարձրել: Վրաստանը մնում է Հայաստանի համար աշխարհի միակ դարպասը: Ճիշտ է, Թբիլիսին հավակնում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, և, այդ իսկ պատճառով, սառը վերաբերմունք ունի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի նկատմամբ: Եվ այդ ամենը միասին էլ ավելի են Երևանին մղում աշխարհաքաղաքական փակուղի, որտեղից ելք չկա: Հենց այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի դաշինքը, ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին: Փաստորեն, ընտրողը այլընտրանք չի տեսնում այն քաղաքական առաջնորդին, որը երկիրը տարել է դեպի ցավալի պարտություն: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ խոսքը հայերի մասին է, ովքեր հոգեպես շատ խորն են ընկղմված իրենց պատմության մեջ:
Հայաստանը դարձել է վառ օրինակ այն բանի, թե ինչպես են «ցանկությունները» բախվում իրականության հետ, և տուժում է ներկան: Միգուցե նախապատերազմական երկրում իշխանության ճանապարհին Նիկոլ Փաշինյանի հայտարարած ծրագրերը լավ կլինեին Հունգարիայի կամ Սլովակիայի համար, բայց կոնկրետ Հայաստանի դեպքում դա վիթխարի ձախողում է դարձել: Անդրկովկասյան այդ երկրում պարոն Փաշինյանին փոխարինող չկա: Բայց արդյո՞ք նա ծրագրեր ունի և որքանո՞վ են դրանք իրագործելի, դա էլ է դեռ հարց:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը