Կադրային ջարդի մասին հայտարարությունը կաթվածահար է արել պետական համակարգը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿադրային ջարդի մասին սկանդալային հայտարարությունից հետո իշխանությունն այժմ ստիպված է սրբագրել և խմբագրել Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան էլ հիմար չէ, հասկանում է, որ պետական համակարգին այս պահին միանգամից իր դեմ հանելը լուրջ վտանգներ է պարունակում, և փորձում է մեղմացնել իրավիճակը, հիշեցնել օրենքի մասին։ Եվ դա անում է հենց Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ անձանցից մեկի՝ աներձագ Հրաչի միջոցով։
Առաջին անգամը չէ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սկանդալային հայտարարություններ է անում՝ լուրջ կերպով վնասելով Փաշինյանին։ Չենք կարող ասել՝ ոչ կոմպետենտությա՞ն, թե՞ սաբոտաժի արդյունք է Անվտանգության խորհրդի քարտուղարի արածը։ Երկու դեպքում էլ, սակայն, գործ ունենք հստակ հակապետական դիրքորոշումների հետ։ Այս համատեքստում առնվազն զարմանալի է, որ Փաշինյանը չի ազատվում Արմեն Գրիգորյանի ծառայություններից, մանավանդ որ ՌԴ-ն էլ առանձնապես խանդավառված չէ կարկառուն սորոսականի ներկայությամբ ՀՀ կարևորագույն պաշտոններից մեկում։ Թերևս, կա ինչ-որ բան, որը թույլ չի տալիս ազատվել Գրիգորյանից։ Ինչևէ, Հրաչյա Հակոբյանն ասում է, թե ամեն բան պետք է լինի օրենքով, և օրենքով էլ հետապնդվեն այն համայնքապետերը, որոնք փորձել են ճնշում գործադրել ենթակաների վրա՝ հանրահավաքների մասնակցելու, այս կամ այն ուժին ընտրելու համար։
Պետական մարմիններում հասկանում են՝ կադրային ջարդն ավելի շատ տարածվելու է նշանակովի պաշտոնյաների, հանրային և պետական ծառայողների, քան ընտրված համայնքապետերի վրա, որքան էլ իշխանությունը փորձի հակառակը համոզել։ Ընտրովի պաշտոնյաները իրենց մանդատը ստացել են ընտրողներից, ավելի անկաշկանդ են քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներ արտահայտելու առումով, քան նշանակովի պաշտոնյաները։ Եվ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը լուրջ խլրտումներ է առաջացրել նախարարություններում, ուժային կառույցներում և այլ գերատեսչություններում։
Մինչդեռ, դեպի բռնապետություն գնացող փաշինյանականները ամեն ինչ անելու են առաջին հերթին ընդդիմադիր համայնքապետերից ազատվելու համար։ Օրենքների վրա թքած ունեցող իշխանությունները այսօր էլ մեթոդներ են որոնում համայնքապետերին ճնշելու, ազատման դիմումներ գրել հարկադրելու համար։ Շատերը, չենք բացառում, որ ստիպված լինեն գրել այս դիմումները, եթե իրենց համայնքների բնակիչները չկանգնեն նրանց կողքին, չպայքարեն իրենց իրավունքների և ընտրության համար։
Սուրեն Վարդանյան