Տնտեսության աշխուժացումը շարունակվում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին դրամը դոլարի նկատմամբ արժևորվում է։
Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։
Անդրադառնալով հարցին, թե ինչի հետևանք է դրամի արժևորումը տնտեսագետը պատասխանել է․ «Այն, ինչ կանխատեսվում էր, իրականություն է դառնում։ Տնտեսության աշխուժացումը շարունակվում է, արտահանման տեմպերը բավական մեծ են՝ 20 տոկոս, ինչը կարևորագույն գործոններից մեկն է։
Երկրորդը զբոսաշրջիկների ներհոսքն է, և երրորդ գործոնը Կենտրոնական բանկի այն գործողություններն են, որոնք ինֆլյացիոն նպատակներով են իրականացվում, երբ դրամի զանգվածը, կանխիկի շրջանառությունը պարզապես փոքրացրին։
Կա նաև չորրորդ գործոնը՝ ընտրություններ։ Տարածված խոսակցություններ են, փաստեր չկան, բայց ենթադրություններ կարող ենք անել, որ որոշ քաղաքական ուժեր բավական խոշոր ֆինանսական միջոցներ են օգտագործել կամ դրսից եկած, կամ իրենց մոտ գտնվող արտարժույթ, որը հանվել է շուկա՝ իրենց օրինական և ոչ օրինական ծախսերը փակելու համար։ Այս ամենի արդյունքում մենք ունենք այն, ինչ տեսնում ենք»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դոլարի արժեզրկումը գների նվազմում կբերի տնտեսագետը պատասխանել է․ «Արդեն բենզինի շուկայում նկատվում էր գնանկում։ Թեկուզ համաշխարհային շուկայում նավթի գինը 2 տարվա առաջվա մակարդակին է հասել՝ մոտ 75 դոլար մեկ բարելի դիմաց, բայց արդեն բենզինի շուկայում այդպիսի երևույթ նկատվում է։ Այսինքն՝ նպատակներից մեկը նաև դա է, որովհետև մեր կախվածությունը արտաքին շուկայից շատ մեծ է՝ հատկապես պարենային ամենօրյա օգտագործվող ապրանքների մասով։ Եվ սա այն ռեսուրսներից մեկն է, որը Կենտրոնական բանկը հնարավորություն ունի օգտագործել գների վրա, որպեսզի մտնի այն սահման, որը օրենքով պարտավորվում է ապահովել՝ 4+-1․5 տոկոս գնաճ»։
Սոնա Գիշյան