Մարդիկ ահազանգում էին, որ իրենց մահացած հարազատները ևս ընդգրկված են եղել ցուցակներում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն ամփոփվել են և վերջնական տեսքի են բերվել։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների ՔՊ-ն հավաքել է 53,91 տոկոս և խորհրդարանում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը 21,09 տոկոս և խորհրդարան կմտնի 29 պատգամավորով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 5․22 տոկոս ձայնով խորհրդարանում կունենա 7 պատգամավոր։
Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Գոհար Մելոյանի հետ, ով ընտրությունների ողջ ընթացքում իր խմբով դիտորդական առաքելություն է իրականացրել Երևանի մի քանի ընտրատեղամասերում:
Հարցին, թե արդյոք ընտրախախտումների ականատես են եղել Գոհար Մելոյանը պատասխանել է․ «Սահմանափակ դիտորդների պայմաններում Երևանի մի շարք ընտրատեղամասերում բավականին կոշտ ընթացակարգային խախտումների ենք ականատես եղել, ընդհուպ՝ մինչև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների, և վարչական իրավախախտումների: Ելնելով մեր ձեռքի տակ եղած փաստերից՝ կազմել ենք արձանագրություն, ներկայացրել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ ԿԸՀ»։
Հարցին, թե ինչպիսի խախտումների մասին է խոսքը` իրավապաշտպանը պատասխանել է․ «Մի շարք ընտրատեղամասերում իրավիճակներ եղան, երբ մարդկանց կիսատ էին տալիս փաթեթները: Ականատես ենք եղել հատկապես ուղղորդված հակաքարոզչության՝ 24 համարակալմամբ «Հայաստան» դաշինքի և 6 համարակալմամբ «Պատիվ ունեմ» դաշինքի ուղղությամբ, մասնավորապես՝ վնասված քվեաթերթիկներ, եթե կհիշեք, ոչ միայն ընտրության օրը, այլև դրա նախորդ օրն արձանագրվեցին: Ընտրության օրը ևս ընտրատեղամասում տրցակով քվեաթերթիկներն ամբողջությամբ հատուկ նշմարված էին, և եթե քաղաքացին ուշադիր չլիներ, հաշվառման ժամանակ կարող էին անվավեր ճանաչվել հանձնաժողովի կողմից: Նաև հայտնի տեսանյութը շրջանառվեց, թե ինչպես է ՔՊ-ի ճղճղված քվեաթերթիկը հանձնաժողովի նախագահը հանում և քվեարկության դնում, որպեսզի վավեր ճանաչեն ակնհայտ անվավեր քվեաթերթիկը»։
Անդրադառնալով ահազանգերին Գոհար Մելոյանը ասել է․ «Մարդիկ ահազանգում էին, որ իրենց մահացած հարազատները, որոնք նախորդ ընտրություններին ընդգրկված չեն եղել, այս անգամ ընդգրկված էին: Մարդիկ վրդովված ուշադրություն էին հրավիրում այդ հանգամանքի վրա: Մարդկանց համար տհաճ է, օրինակ՝ մի մարդ ասում էր, որ գնացել է քվեարկելու և գրանցամատյանում գրված է եղել զավակի անունը, որի անունը նախորդ ընտրություններին ընդգրկված չի եղել: Այսպիսի բազմաթիվ դեպքեր են եղել: Մարդիկ ահազանգում էին, որ տասնյակ տարիներ երկրում չապրող իրենց հարազատների անուն-ազգանունները ներառված են եղել ցուցակներում»։
Սոնա Գիշյան