Հայաստանը երբևէ թույլ չի տալու, որ իր տարածքով միջանցք ստեղծվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ իրենք կողմ են ցանկացած միջանցքի շահագործմանը, ցանկացած երթուղով` առանց պետությունների սահմանները փոփոխելու:
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
Հարցին ,թե քաղաքագետն ինչպես է գնահատում դեսպանի հայտարարությունը` Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Իմ գնահատմամբ, Ադրբեջանում Իրանի դեսպանի պահվածքը բավականին տարօրինակ է, որովհետև պատերազմը սկսվելուց ի վեր արդեն քանի ամիս նա ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրում, քան իրանական: Նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանը ավելի զուսպ ու հավասարակշռված մոտեցումներ էր ունենում, ավելի զուսպ հայտարարություններ էր անում, այդ երկրի դեսպանը Ադրբեջանում բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ էր անում, ինչը զարմանալի է, որ պաշտոնական Թեհրանի կուրսից զգալիորեն տարբերվում է:
Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին և ես տեսա, որ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը լրջորեն կանհանգստացնի նաև Իրանին, որովհետև, եթե միջանցք տրամադրվի, ապա դա էքստրատերիտորիալ ինչ-որ կարգավիճակ է ենթադրում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Տեսականորեն շատ հնարավոր է, որ Հայաստանը կտրի Իրանից: Այնպես որ, այդ հայտարարությունը միանգամայն անհասկանալի է, և Հայաստանը երբևէ թույլ չի տալու, որ իր տարածքով միջանցք ստեղծվի»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սպասելի էր Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները` քաղաքագետը պատասխանել է․ «Այո, շատերն էին կանխատեսում Ռեիսիի հաղթանակը: Նա բավականին ազդեցիկ քաղաքական գործիչ է, նախորդ ընտրություններում Ռոհանիի հիմնական մրցակիցն էր և 40 տոկոսից ավելի ձայն էր հավաքել: Նա վայելում է ոչ միայն երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի վստահությունը, այլ նաև Իրանում բավականին ազդեցիկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությունը: Սա նշանակում է, որ նա, կարելի է ասել, լիակատար իշխանություն է ունենալու երկրի ներսում: Եթե Ռոհանին բարեփոխիչ լինելով` շատ հաճախ առաջ էր տանում առանձին կուրս, որը դուր չէր գալիս հեղափոխության պահապանների կորպուսին և այդ առումով բավականին շատ տարաձայնություններ կային, ապա Ռեիսիի դեպքում, կարելի է ասել, որ այդ տարաձայնությունները չեն լինելու: Նա ավելի մեծ իշխանություն է ունենալու երկրի ներսում, քան Հասան Ռոհանին ուներ»։
Սոնա Գիշյան