Սննդաբանը բացատրել է՝ որ դեպքերում է բանանը համարվում վնասակար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանանն ամենահամեղ, օգտակար ու սիրված մրգերից մեկն է, որը հարուստ է մեծ քանակությամբ սննդարար նյութերով, ուստի շատ կարևոր է առողջական տարբեր խնդիրների դեմ պայքարում: Մասնագետները հաճախ են խոսում այս մթերքի օգտակար հատկությունների մասին՝ հորդորելով դրանք անպայման ներառել սննդակարգում, սակայն քչերին է հայտնի, որ որոշ դեպքերում բանանը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ դրանց գործածությունը հարկավոր է հաշվի առնել որոշ գործոններ:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է սննդաբան Պավել Իսանբաևը, մասնագետները տարբերակում են հասած բանաններն ու դեռ լիովին չհասած բանանները՝ համարելով դրանք գրեթե տարբեր մրգեր: Կանաչ բանանները պարունակում են հսկայական քանակությամբ մանրաթելեր, որոնք շատ օգտակար են առողջության համար, սակայն կարող են վնասակար լինել մարսողական խնդիրներ ունեցողների համար:
«Չհասած բանանները խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, որոնք վատ են յուրացնում մանրաթելերը կամ ունեն աղիների, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի հետ կապված խնդիրներ: Նման դեպքերում չհասած բանանների գործածությունը կհանգեցնի փորափքանքի», - նշել է մասնագետը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ որոշ դեպքերում վտանգավոր կարող են լինել նաև հասած բանանները:
Նրա խոսքով՝ հասած բանաններում պարունակվում է շատ մեծ քանակությամբ շաքար, ուստի զարմանալի չէ, որ դրանք խորհուրդ չեն տրվում այն մարդկանց, որոնց մոտ հաճախ են նկատվում արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներ: