Աճպարարություն վարկանիշներով. ինչպե՞ս է աշխատում ամերիկյան «ժողովրդավարության ուղղորդում»-ը ԱՊՀ երկրներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆbaltnews.lt-ը գրում է, որ ամերիկյան The National Interest հրատարակությունը պատմել է, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է օգնել հետխորհրդային երկրներին փոխվել դեպի «ավելի լավ» կողմը: RAND ընկերության ավագ գիտաշխատող Ուիլյամ Քորթնին և Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Հովարդ Շացը կարծում են, որ Արևմուտքը պետք է ավելին անի հետխորհրդային երկրներին գլոբալ տնտեսության մեջ ինտեգրելու նպատակով և «շարունակի խրախուսել այն բարեփոխումները, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքի բարելավման համար»: Հրապարակումը առաջարկում է հետխորհրդային երկրները բաժանել հինգ կատեգորիաների:
Առաջինը Բալթյան երկրներն են, որոնք «լավ արդյունքներ» են ցույց տալիս: «Նրանք համարյա միշտ բոլոր հարթություններում տասնհինգի լավագույն եռյակում են: Տնտեսական, քաղաքական և սոցիալական հարթություններում բարեփոխումներն ուշագրավ են և կարող են օգնել ամրապնդել նրանց դիրքերը և զարմանալի չէ, որ Եվրամիությունը նրանց հրավիրել է անդամակցել կառույցին»:
Երկրորդ կատեգորիան «նվազ հաջողակ»-ներն են՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Այս երեք երկրները ամենաքիչ ժողովրդավարական ու ամենակոռումպացվածներն են և ունեն նվազագույն տնտեսական ազատություն և առողջության անվտանգություն:
Երրորդ կատեգորիան ընդգրկում է միջին վարկանիշ ունեցող հետխորհրդային երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Հրատարակությունը նշում է, որ հենց այդ խմբի վրա է, որ պետք է կենտրոնանա Արևմուտքը: Այդ երկրները համեմատաբար բարվոք են ժողովրդավարության և քաղաքական ազատությունների տեսանկյունից, սակայն նրանց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տատանվում է Բալթյան երկրների ՀՆԱ-ի մեկ քառորդից մինչև մեկ երրորդի սահմաններում:
Չորրորդ խումբը նավթային վաճառքից կախված պետություններն են` Ռուսաստանը և Ղազախստան: Լավագույն հնգյակը եզրափակում է Բելառուսը, որին հրատարակությունը բնութագրում է որպես հետխորհրդային «ամենաքիչ ազատ» պետություններից մեկը:
«Արևմուտքը կարող է իր ամենամեծ ներդրումն ունենալ կենտրոնանալով միջին դասի պետությունների, հատկապես բարեփոխվող պետությունների վրա: Որոշ ոլորտներում առաջընթացը կարող է մեծացնել այլ ոլորտներում հաջողության հասնելու ունակությունը: Կարևոր է շեշտը դնել նրանց օգնելու կամ խրախուսելու ավելի հավասարակշռված զարգացման մեջ: Դա կարող է նշանակել Բելառուսում և Ղազախստանում քաղաքական ազատությունների ամրապնդում, Ղրղզստանում և Ուկրաինայում տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաև Վրաստանում և Ուկրաինայում օրենքի գերակայության բարեփոխումներ», - ամփոփել է The National Interest –ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը