«Նիկոլականները ոչինչ չեն մոռացել և ոչինչ չեն սովորել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲուրբոնների ռեստավրացիայից հետո Ֆրանսիայում տարածվեց Թալեյրանին վերագրվող մի ասույթ՝ «Նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ չեն սովորել»: Նույնն այսօր կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների մասին։
Երեք տարին բավարար ժամանակ է ցանկացած քաղաքական ուժի համար՝ երկրի խնդիրները հասկանալու, արտաքին քաղաքական ոլորտում գերակայությունները նախանշելու և ողջամիտ քաղաքականություն իրականացնելու համար։
Փոխարենը, մենք այսօր դեռ ունենք մի իշխանություն, որը կարողացել է միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ:
Հայաստանը, փաստացի, ԱԳՆ չունի, իսկ խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչները իրենց մեղքերը գիտակցելու փոխարեն զբաղված են քաղաքական հակառակորդներին սևացնելու արատավոր գործով։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որի կյանքում միակ աշխատանքը իշխանության մեջ պատահաբար հայտնվելն է, իրեն իրավունք է վերապահում մեղադրանքներ հղել Հայաստանի նախկին երեք նախագահներին։ Առաջին նախագահը հստակ նշել է, որ գործող իշխանությունը ունեցել է պատերազմը կանխելու ու պատերազմից խուսափելու հնարավորություն և չի արել, երկրորդ և երրորդ նախագահներն էլ արձանագրել են, որ անխոհեմ վարքով Փաշինյանն ինքը հրահրեց պատերազմը, իսկ ստախոս իշխանությունը փորձում է դրանք ներկայացնել իբր Ադրբեջանի օգտին արված հայտարարություններ։
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո փոփոխակի հաջողությամբ կարողացան պահպանել ձեռքբերածը, իսկ «հեղափոխական» իշխանությունը ոչ միայն խայտառակ պարտությամբ հանձնեց Արցախի մեծ մասը, այլև դարձավ մի քանի հազար զինվորների մահվան պատճառը։ Այսօր էլ գերիների հարցով զբաղվելու փոխարեն նիկոլական իշխանությունը զբաղված է Ադրբեջանին ռևերանսներ անելով, Ալիևի պահանջներն անտրտունջ կատարելով, ռազմավարական նշանակության քարտեզները թշնամուն փոխանցելով, ձեռքի հետ էլ քննադատներին վիրավորելով։
Բարոյական կողմնորոշիչներ ունեցող իշխանավորները այդ իրավիճակում առնվազն հրաժարական կտային, բայց նիկոլական ժեխի հեչ պետքն էլ չէ։ Նրանք շարունակում են իրենց սկսած սև գործը և մտադիր են այն հասցնել մինչև վերջ։ Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ցանկանում է օգնել Փաշինյանին՝ պետականությունը վերջնականապես կործանելու հարցում, թե՞ ոտքի կկանգնի և հունիսի 20-ին կապիտուլյանտներին ցույց կտա իրենց իրական տեղը։ Վստահ ենք՝ լինելու է հենց երկրորդ տարբերակը։
Լևոն Վարդևանյան