Կանխատեսելի էր, որ թեժ նախընտրական պայքար է լինելու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ մեկնարկել է։ Ընտրապայքարի ընթացքում քաղաքական ուժերը սկսել են միմյանց հետ կոմպրոմատների լեզվով խոսել։
Օրեր առաջ առաջին քայլն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հրապարակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից։ Դրանից հետո էլ համացանցում հայտնվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի զրույցը, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին։
Այս գաղտնալսումների վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
Հարցին, թե կանխատեսելի էր արդյոք նման ագրեսիվ քարոզարշավ՝ Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Այո, իրականում կանխատեսելի էր, որ թեժ նախընտրական պայքար է լինելու և նաև ակնհայտ էր, որ դա ուղեկցվելու էր փոխադարձ վիրավորանքներով և կոմպրոմատների հրապարակմամբ։ Մյուս կողմից, դա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտի համար ու միշտ էլ ամեն ընտրությունից առաջ քաղաքական ուժերի կողմից ինչ-որ կոմպրոմատներ հրապարակվել են։
Ժամանակին, օրինակ, հրապարակվել էր Արթուր Բաղդասարյանի և Անգլիայի դեսպանի հեռախոսային գաղտնալսումը, որում Արթուր Բաղդասարյանը կոչ էր անում Հայաստանում կեղծված ընտրությունների առիթով կոշտ հայտարարություններ անել։ Ասեմ ավելին, սա տարածված գործիք է ամբողջ աշխարհում՝ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում։ Օրինակ ԱՄՆ-ում Բուշ կրտսերի մրցակիցները գտել էին 30 տարվա վաղեմության մի դեպք, երբ Բուշ կրտսերը հարբած մտել էր ոստիկանություն և ծեծկռտուք էր սարքել։
Ամեն դեպքում, իրականում այն, ինչ կատարվում է, լավ չէ ու նախընտրելի կլիներ, որ լիներ ավելի ազնիվ ընտրապայքար, սակայն այդ ամենն ընտրապայքարի բաղկացուցիչ մասն է ու դրանից խուսափելը բավականին դժվար կլինի։
Նորից նշեմ, որ սա նոր գործիք չէ, սակայն այստեղ կարևորն այն է, որ բուն ընտրությունների օրը լինեն ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, որոնք ամբողջովին կարտահայտեն ընտրողների կամքը»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ կոմպրոմատների հրապարակումը չեն վնասում երկիրը՝ քաղաքագետը պատասխանել է․ «Իհարկե վնասում է։ Այսքան ամիսների ընթացքում մենք տեսանք, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ երևի չեն էլ հասկացել, որ պետական գաղտնիք են բացահայտում, բայց դրվագներ են հրապարակել անգամ ԱԽ նիստից։ Ցավոք սրտի, Հայաստանում այս երևույթը միայն նախընտրական ժամանակահատվածին բնորոշ չէ ու չի բացառվում, որ մենք կրկին նման երևույթների ականատես կլինենք»։