Իշխող թիմի քարոզարշավում ատելության և անհանդուրժողականության խոսք կա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրդեն պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական հայտ ներկայացրած ուժերը արդեն ելույթներ են ունենում, ներկայացնում են իրենց ծրագրերը։ Այս թեմայով զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Հարցին, թե քաղաքական ուժերի ելույթներից և ցուցադրած վարքագծից ինչպիսի քարոզարշավի ենք ականատես լինելու՝ Արմեն Բադալյանը պատասխանել է․ «Անկեղծ ասած հարյուր տոկոսանոց կանխատեսումներ չեմ կարող անել, բայց դիտարկելով փաստացի սկսված քարոզարշավը, որն արդեն ընթանում է մեկ ամսից ավելի, կարող ենք ասել, որ առնվազն իշխող թիմի կողմից ատելության, անհանդուրժողականության խոսք կա: Մյուս ուժերը ներկայացնում են ընդամենը իրենց մոտեցումներն ու ծրագրերը:
Իշխող քաղաքական ուժի որդեգրած այդ վարքագիծը հասկանալի է, քանի որ իր ընտրազանգվածի կարիքներն է բավարարում: Նրա ընտրազանգվածը նախկինների դեմ ատելությամբ լցված մարդիկ են և, այսպես ասած, այդ ատելության կարիքն ունեն, դրա համար էլ իշխող ուժը այդպես է գործում: Իսկ մյուսներինը սովորական քարոզարշավ է, չէի ասի թե՝ իդեալական, խիստ գիտական է, բայց նրանք զարգանալու և թերությունները լրացնելու շատ տեղ ունեն»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք օրենքով թույլատրվում է գործող իշխանությանը աշխատանքային օրերին և ժամերին գրեթե ամեն օր, թիմով նախընտրական քարոզարշավ իրականացնել՝ աշխատելու փոխարեն, քաղտեխնոլոգը պատասխանել է․ «Իրականում այդ ամենը վարչական ռեսուրսի չարաշահում է և դատական համակարգը կարող է հետագայում ինչ-որ գործողություններ իրականացնել: Կան որոշ տեսակետներ, ըստ որի թույլատրելի է, տեսակետներ էլ կան, որ պնդում են հակառակը, բայց այս պահին չեմ կարծում, որ առկա խնդիրների ֆոնին դա էական է»։
Սոնա Գիշյան