Ադրբեջանը նոր պայման է դրել Հայաստանի առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Բաքուն աջակցում է միջազգային հանրության կոչերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ կարգավորման և սահմանազատման և սահմանագծման իրականացման վերաբերյալ, սակայն «տարածքային ամբողջականության պահպանմամբ»։ Interfax.az-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նաև հավանություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», - ասվում է հայտարարության մեջ:
Նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրի տարածքային ամբողջականությունը:
«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», - ասել է նա։