«Covid-19-ից հետո կարող է լինել Covid-26 և Covid-32». ամերիկացի վիրուսաբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել Covid-19-ի ծագումը, հակառակ դեպքում մարդկությունը կարող է բախվել Covid-26-ի և Covid-32-ի խնդրին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկացի գիտնական, կորոնավիրուսի և վարակիչ հիվանդությունների գծով մասնագետ Փիթեր Հոթեզը, հայտնում է NBC News-ը:
«Սա 21-րդ դարի երրորդ խոշորագույն կորոնավիրուսային համաճարակը կամ համավարակն է (SARS-ից և MERS-ից հետո): Բնությունը մեզ հայտնում է, թե ինչ է սպասվում. կլինի Covid-26 և Covid-32, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք Covid-19-ի ծագումը»,- ասել է նա:
Հոթեզը շեշտել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր կորոնավիրուսի «բռնկման առաջացումը»: Դրա համար վիրուսաբաններ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ պետք է ուղարկվեն Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ սկսվել է համավարակը: Այնտեղ նրանք պետք է տվյալներ և անհրաժեշտ նմուշներ հավաքագրեն:
Միևնույն ժամանակ, փորձագետը հարկ է համարել նշել, որ առանց այդ հարցի շուրջ Չինաստանի հետ համագործակցության դժվար կլինի կորոնավիրուսի ծագման մասին տեղեկատվություն ստանալ: