«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան»․ Պաղեստինի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան զինված խմբավորումների միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կարծես թե ուժի մեջ է, սակայն Արևելյան Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է․ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ Աքսա մզկիթի տարածք և ուրբաթօրյա աղոթքից հետո արցունքաբեր գազ կիրառել պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ըստ Պաղեստինի ԱԳ նախարարի, հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:
Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին Al Jazeera- ին ասել է, որ «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան։ Առհասարակ երաշխիքներ չկան, քանի որ Իսրայելը հայտարարում է, որ հրադադարը միակողմանի է, և իրենք այդ որոշումը միակողմանի են ընդունել»: Սակայն հայտնի է, որ հրադադարի հաստատման հարցում մեծ է եղել Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի դերը։
Վերջին տեղեկությունների հիման վրա՝ իսրայելցիները Երուսաղեմում ծեծի են ենթարկել «Ֆրանսպրես» գործակալության լուսանկարչին, որը լուսաբանում էր Ալ Աքսա մզկիթում տեղի ունեցած բռնությունները։
Մինչդեռ Հորդանանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ նշելու Իսրայելի դեմ պաղեստինցիների «դիմադրության հաղթանակ»-ը։ Ցուցարարները պարզել են «Երուսաղեմը հաղթանակի խորհրդանիշ է», «շնորհավորանքներ դիմադրության հաղթանակի առթիվ» և «Գազայի կայունությունը հանգեցրեց հաղթանակի» գրություններով պաստառներ։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը 248 է, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։