Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խնածախ և Պտրեցիկ հեռավոր բնակավայրեր: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգնությունը տրամադրել են ռուսական հասարակական կազմակերպություններն ու բարեգործական հիմնադրամները։
Մարդասիրական ակցիայի ընթացքում այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսական հումանիտար առաքելություն», «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» («Спеши к добру») բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Վլադիսլավ Վիշեգորոդցևի խոսքով՝ յուրաքանչյուր մարդասիրական ակցիա պատրաստություն է պահանջում: Մարդասիրական ակցիայի նախօրեին մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները զանգահարում են բնակավայրերի ղեկավարներին` հստակեցնելով բազմազավակ ընտանիքների և փախստականների թիվը:«Այստեղ երեխաներ կան, որոնք Հադրութից են եկել` այնտեղ թողնելով իրենց տունն ու ունեցածը։ Եթե պատերազմը չլիներ, երևի այդ խաղալիքները նրանց պետք չէին լինի։ Երբ նրանք վերցնում են խաղալիքները, ինձ թվում է` հիշում են տանը թողած իրենց խաղալիքները։ Ուրախությունից արտասվեցի՝ տեսնելով, թե ինչպես են մեր բարեկամներն օգնում մեզ», - մարդասիրական ակցիայի ընթացքում ասել է ուսուցչուհի Եվա Սարգսյանը։
Ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ ավելի քան 150 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Բացի առաջին անհրաժեշտության իրերից, փոխանցվել են առաջնային ախտորոշման սարքեր և մասնագիտական սարքավորումներ առողջապահական հաստատությունների համար: