Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանը Տաջիկստանին մեղադրել է Դուշանբեում պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերատեսչության հայտարարությանը:
«Գերատեսչության ղեկավարն ապրիլի 29-ից Տաջիկստանում պահվող ղրղզստանցիների հետ հանդիպումից հետո հաստատել է նրանց` կտտանքների ենթարկված լինելու հանգամանքը»,- ասված է հաղորդագրությունում:
Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև տևել է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի և ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: