Ինչ է ալերգիան, առաջացման հիմնական պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:
Այս շաբաթ մենք անդրադարձել ենք ալերգիաներին:
Ի՞նչ է ալերգիան
Ալերգիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է արտաքին աշխարհի որեւէ ազդակի նկատմամբ: Ալեգիա կարող է առաջանալ սննդից, դեղորայքից, բույսերից, փոշուց եւ այն ամենից, ինչը մեզ շրջապատում է: Այսօր բոլոր երկրներում մարդիկ շատ են օգտագործում քիմիական բաղադրիչներով հագեցած սնունդ, ինչը նպաստում է սննդային ալերգիայի տարածվածությանը բնակչության շրջանում:
Ալերգիկ հիվանդությունները բազմազան են: Հայաստանում տարածված են բոլոր այն տեսակները, որոնք կան աշխարհում. եղնջացան, պոլինոզ (ալերգիա բուսականության նկատմամբ), բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ դերմատիտներ եւ այլն:
Ալերգիայի հետևանք կարող են լինել նաև ֆիզիկական գործոնները՝ շփումը մաշկի հետ, անգամ սառը ջուրը և օդը կարող են ալերգիա առաջացնել, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա ֆիզիկական լարվածության ժամանակ, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:
Ալերգիաների առաջացման հիմնական պատճառները
1. ժառանգական հակվածությունը,
2. աշխատանքային միջավայրի կամ կենցաղի ալերգենները,
3. էկոլոգիական անբարենպաստ պայմանները,
4. ծխախոտի չարաշահումը,
5. վերին շնչառական ուղիների վարակները,
6. աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաները:
Ալերգիաները կարող են դրսևորվել տարբեր ախտանշաններով: Դրանցից ամենատարածվածներն են.
1. երկարատև հարբուխը,
2. քթաըմպանում քորի զգացողությունը,
3. կոպերի կարմրությունն ու քորը,
4. առատ արցունքահոսությունը,
5. այտուցները,
6. շնչառության դժվարացումը:
Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անպայման դիմել բժկին, քանի որ հիվանդությունն ախտորոշվում է միայն համապատասխան բուժզննումից, հարցումից և մի շարք յուրահատուկ թեստերից ու անալիզներից հետո:
Բուժման եղանակները
Ալերգիաների բուժման համար կիրառվում է երկու մեթոդ՝ սիմպտոմատիկ բուժում և պաթոգենետիկ: Միայն ախտանշաններից ազատվելու համար, որպես կանոն, նշանակվում են հակահիստամինային դեղամիջոցներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք չեն օգնում ազատվել խնդրից:
Հիվանդությունից ազատվելու համար նշանակվում է յուրահատուկ իմունոթերապիա, որը ճնշում է ալերգիկ ռեակցիաների համար պատասխանատու մեխանիզմները: Այս թերապիաներն անցկացվում են միայն բժշկի հսկողության տակ, քանի որ դրանց ընթացքում մասնագետները փորձում են բուժել ալերգիան հենց այն ալերգենի միջոցով, որն էլ առաջացնում է նման պաթոլոգիական ռեակցիա:
Հարկ է հիշել, որ ալերգիային բնորոշ ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով, ուստի ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար: Բացի այդ, շատ կարևոր նշանակություն ունի նաև իմունային համակարգի ամրապնդումն ու առողջ կենսակերպը, ինչը կօգնի առհասարակ կանխարգելել ալերգիկ ռեակցիաները: