Բայդենի ուղերձի ամբողջական տեքստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում շեշտել է, որ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում:
Ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում և պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը: 1915-ի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալություններով մեկնարկ տրվեց բնաջնջման արշավի, որի ընթացքում 1.5 մլն հայեր տեղահանվեցին, ենթարկվեցին կոտորածի կամ ուղարկվեցին մահվան: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցած սարսափները երբեք չկորչեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:
Փրկվածներից շատերը, որ ստիպված էին նոր տուն գտնել և նոր կյանք կառուցել, ցրվեցին աշխարհով մեկ, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անհաշիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց դեպի մեր ափեր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի:
Այսօր, երբ սգում ենք մեր կորուստները, պետք է հայացք ուղղենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից զերծ մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքը շարունակել արժանապատվորեն և անվտանգ: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում կանխելու մեր վճռականությունը: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:
Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր նահատակվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ»:
Այսպիսով`ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: