Հանրապետականը կփոխի՞ ծանրության կենտրոնը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀետաքրքիր քաղաքական իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Քաղաքական այս ուժը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի իշխանության ղեկին, այսօր էլ իր քաղաքական կապիտալով հանդիսանում է արտախորհրդարանական ամենամեծ ուժը, չի շտապում պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և մտնել ընտրական պրոցեսների մեջ։
Իհարկե, չկա երաշխիք, որ դրանք միանշանակ տեղի կունենան, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոսքին հավատալը նման է խարխուլ մակույկով ծովի ալիքների հանձնվելուն։ Այդուհանդերձ, կարծես թե միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը պահելու հարցը չէ այստեղ։ Խնդիրն ավելի խորքային շերտեր ունի։
Դրանցից առաջինն այն է, որ եթե ընտրություններին մասնակցում ես, ապա նպատակը պետք է լինի միայն իշխանությանը հաղթելը, հակառակ պարագայում մի քանի մանդատի հարց լուծելն առնվազն անիմաստ է։ ՀՀԿ-ն հենց նման կերպ էլ մեկնաբանում է իր պասիվ դիրքորոշման պատճառը։
Երկրորդ՝ ակնհայտ է, որ Հանրապետականի մասնակցությունը կխառնի մյուս ընդդիմադիր, այդ թվում իշխանության խաղաքարտերը, կփոխի ծանրության կենտրոնը։ Դա է պատճառը, որ հիմա ՀՀԿ-ն գտնվում է քաղաքական դաշտի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական բևեռների հարձակումների ներքո, իսկ որ ավելի ստույգ՝ ընդդիմությունը ցանկանում է կցվել ՀՀԿ-ին՝ հույս ունենալով Հանրապետականի թևերի վրա ներկայացված լինել խորհրդարանում, իսկ իշխանությունը շարունակում է իր ամեն ձախողումը կապել Հանրապետականի հետ։
Ի դեպ, վերջերս Արմեն Աշտոյանն ակնարկում էր ընդդիմության որոշ ուժերի կողմից Հանրապետականի հետ քաղաքական շանտաժի լեզվով խոսելու ապարդյուն ջանքերի մասին, քանի որ ըստ նրա, իրենք շատ լավ գիտեն երբ, ոնց, ինչպես իրացնեն իրենց քաղաքական կապիտալը։ Ինչևէ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում։ Երրորդ նախագահից ավելի լավ, կարծես թե ոչ ոք չի տիրապետում Հայաստանի քաղաքական կոնյուկտուրային, հետևաբար առաջիկա քաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ուղղությունները պայմանավորված են լինելու Հանրապետականի քաղաքական վարքագծով։
Կարեն Դանիելյան