Առողջական ի՞նչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ աղի չարաշահման հետևանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿերակրի աղն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի պակասը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, սակայն աղի չարաշահումը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, ուստի այս մթերքի գործածության հարցում հարկավոր է չափազանց ուշադիր լինել առողջական շատ լուրջ խնդիրներից խուսափելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս մարդկանց խիստ սահմանափակել կերակրի աղի գործածությունը և չգերազանցել օրական առավելագույնը 5 գրամի շեմը, սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն գիտակցում, թե իրականում որքան աղ են օրվա ընթացքում կիրառում։ Բանն այն է, որ անգամ սննդին աղ չավելացնելու դեպքում մարդն արդեն իսկ մեծ քանակությամբ աղ է ստանում օրվա ընթացքում օգտագործվող սննդամթերքի այլ տեսակներից, ինչը կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար։
Medikforum.ru կայքը ներկայացրել է, թե առողջական ինչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ կերակրի աղի չարաշահման դեպքում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խուսափել մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքի, այդ թվում՝ կիսաֆաբրիկատների, պատրաստի ուտեստների, պահածոների, ապխտած մթերքի, տարատեսակ պատրաստի սոուսների և նմանատիպ այլ մթերքի չարաշահումից, միաժամանակ և սահմանափակել սննդին ավելացվող աղի քանակությունը։
Մասնագետների խոսքով՝ կերակրի աղի չարաշահումը կարող է դառնակ այնպիսի խնդիրների զարգացման պատճառ, ինչպիսին են․
Քաշի ավելացումը
Շատերը կարծում են, որ սննդակարգում քաշի ավելացմանը նպաստող հիմնական մթերքը շաքարավազն է, մինչդեռ իրականում կերակրի աղը ևս կարող է դառնալ քաշի զգալի ավելացման պատճառ։ Բանն այն է, որ շաքարն անմիջականորեն նպաստում է ճարպակալման զարգացմանն ու դառնում ավելորդ կիլոգրամների կուտակման պատճառ, մինչդեռ աղը խթանում է ինսուլինի արտադրությունը, իսկ օրգանիզմում այս հորմոնի հավելյալ քանակությունն ստիպում է մարդու օրգանիզմին ավելի շատ ճարպ կուտակել։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ աղի հետևանքով սրվող ծարավի զգացումը հանգեցնում է հավելյալ կալորիաների գործածության, ինչն էլ իր հերթին նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակման։
Երիկամներում քարերի առաջացումը (երիկամաքարային հիվանդություն)
Մարդու երիկամների հիմնական գործառույթն արյան զտումն ու օրգանիզմից ավելորդ աղի և հանքանյութերի դուրսբերումն է, սակայն աղի չարաշահումը կարող է շատ վատ անդրադառնալ օրգանիզմի և հատկապես՝ երիկամների վրա։ Բանն այն է, որ մեծ քանակությամբ աղի գործածությունը բարձրացնում է օրգանիզմում նատրիումի մակարդակը, ինչի հետևանքով երիկամները չեն կարողանում ինչպես հարկն է կատարել իրենց գործառույթներն ու մաքրել արյունը վնասակար տարրերից։
Ոսկրային հյուսվածքների թուլացումը
Ինչպես արդեն նշվել է, աղի չարաշահումը հանգեցնում է երիկամների աշխատանքի խանգարման, ինչն էլ իր հերթին ազդում է ոսկրային հյուսվածքների վիճակի վրա։ Բանն այն է, որ երիկամների գործառույթների խանգարումը հանգեցնում է մեզի մեջ կալցիումի բյուրեղների առաջացման, իսկ երբ կալցիումն օրգանիզմից դուրս է գալիս մեզի հետ, ոսկրային հյուսվածքները թուլանում են։ Այս ամենի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն, ինչն էլ հանգեցնում է կոտրվածքների ու տարատեսակ վնասվածքների հավանականության մեծացման։
Օրգանիզմի ջրազրկումը
Աղի չարաշահման դեպքում օրգանիզմն սկսում է ջուրը դուրս բերել բջիջներից, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման։ Այս խանգարման դեպքերում բարձրացնում է որովայնի սպազմների, սրտխառնոցի, փորլուծության և մի շարք այլ տհաճ դրսևորումների հավանականությունը։ Բացի այդ, այն կարող է հանգեցնել նաև մաշկի չորության ու օրգանիզմից դուրս բերվող մեզի քանակության նվազման։ Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող աղի քանակությունը, ուստի առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը՝ բացառելով աղի աղբյուր հանդիսացող վնասակար մթերքը։
Այնուամենայնիվ, մասնագետները նաև հիշեցնում են, որ աղից հրաժարվելը կարող է նույնքան վտանգավոր լինել օրգանիզմի համար, որքան դրա չարաշահումը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի լիովին բացառել։ Հարկ է հիշել, որ աղը շատ կարևոր է օրգանիզմի կենսագործունեության և հատկապես՝ մկանային ու նյարդային համակարգերի կայուն աշխատանքի համար, իսկ դրա պակասի դեպքում առաջին հերթին տուժում են օրգանիզմի կարևորագույն օրգաններից երկուսը՝ սրտամկանն ու գլխուղեղը։ Սա է պատճառը, որ աղի՝ ԱՀԿ-ի սահմանած օրական նորման՝ 5 գրամը, օրգանիզմը պետք է անպայման ստանա։