Գերիների վերադարձի գործընթացը պետք է ավարտին հասցնել. ռուսական կողմն ակտիվ մասնակցում է այդ գործընթացին. Կոպիրկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր «Հաղթանակ» զբոսայգու կեչիների պուրակում 100 ծառ է տնկվել՝ ի հիշատակ Մեծ Հայրենականի զոհերի: Ամենամյա միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այս տարի տասնյակ երկրներում խորհրդանշական 27 միլիոն ծառ կտնկվի: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սովետական Միությունը հենց այդքան զոհ է տվել 1941-45 թվականներին:
Լրագրողների հետ ճեպազրույցում դեսպան Կոպիրկինը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ Ռուսաստանը դիրքորոշում արդեն արտահայտել է, և այն բավականին հստակ է, այդ մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունի:
Նշենք՝ Մոսկվան ավելի վաղ հերքել էր Լեռնային Ղարաբաղում «Իսկանդերի» օգտագործման լուրը: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իսկանդերի» բեկոր հայտնաբերելու ադրբեջանական տեղեկությունը համարել էր նոր և նշել, որ դա զինվորականների իրավասության դաշտում է:
«Մենք արդեն սովորել ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, գործիչներ ենթադրություններ են անում և մեղադրանքներ հնչեցնում: Սակայն կա պաշտոնական դիրքորոշում, որը հստակ է և որը կողմնորոշիչ պետք է լինի: Ինչ վերաբերում է գերիներին, այդ աշխատանքը պետք է ավարտին հասցնել: Ռուսական կողմը ակտիվ մասնակցում է այդ գործընթացին՝ օժանդակելու համար այն սկզբունքը, որն ամրագրված էր ի սկզբանե»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: