Մասնագետը նշել է՝ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ զարկերակային գերճնշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրահայտ ռուս բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նշել է, ինչ վտանգավոր բարդությունների պատճառ կարող է դառնալ զարկերակային գերճնշումը։ Մասնագետի խոսքով՝ դրանց հնարավոր զարգացումն ավելորդ անգամ ընդգծում է զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացման ախտորոշման ու բուժման կարևորությունը։
«Հենց զարկերակային գերճնշման հետևանքով են առավել հաճախ զարգանում սրտամկանի ինֆարկտներն ու գլխուղեղի կաթվածները, սակայն այն կարող է և այլ ջախջախիչ հարվածներ հասցնել», – նշում է մասնագետը՝ հիշեցնելով, որ ժամանակակից բժշկական նորմաներով զարկերակային գերճնշում է համարվում զարկերակային ճնշման 130/90 մմ/սս ցուցանիշը։ Ինչպես ընդգծում է Մյասնիկովը, արյան բարձր ճնշումը լուրջ խանգարում է, որի դեպքում հարկավոր է անպայման բուժում ստանալ, ինչն էլ շատերը չեն գիտակցում։
Մասնագետը շեշտում է, որ զարկերակային գերճնշման հետևանքները կարող են շատ ծանր լինել խնդիրը չբուժելու և ճնշման ցուցանիշները վերահսկողության տակ չպահելու դեպքում։ Մասնավորապես՝ հիվանդությունը կարող է բարձրացնել անոթային դեմենցիայի զարգացման հավանականությունը, իսկ այս հիվանդությունն իր տարածվածությամբ համարվում է երկրորդը դեմենցիայի բոլոր տեսակների շարքում և զիջում է միայն Ալցհեյմերի հիվանդությանը, որը նույնպես կարող է զարգանալ զարկերակային գերճնշման ֆոնին։
Զարկերակային բարձր ճնշման մյուս հնարավոր հետևանքներն են թրոմբոզի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրացնող շողացող առիթմիան, իշեմիկ կարդիոմիոպաթիան, էրեկտիլ դիսֆունկցիան ու երիկամային անբավարարությունը։
Մյասնիկովը նաև բացատրել է՝ ինչու երբեմն չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել զարկերակային ճնշումը։ Մասնագետի խոսքով՝ անկառավարելի զարկերակային ճնշումը հուշում է, որ մարդը կամ սխալ դեղամիջոց է ընդունում, կամ սխալ չափաբաժնով է ընդունում, կամ սխալ համադրությամբ է ընդունում, կամ ոչ ճիշտ ժամանակին։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru