Դվինի ռեստավրացիան. Հայաստանում վերականգնում են պատմական մայրաքաղաքի ավերակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինում լայնածավալ վերակառուցում է սկսվել: Ամրապնդվում և վերականգնվում են Սուրբ Գրիգոր եկեղեցու ավերակները, Կաթողիկոսի նստավայրը և հնագույն քաղաքի մյուս մասերը:
Զգուշորեն, մետր առ մետր, շինարարները վերականգնում են ամրացված քաղաքի կենտրոնական մասը: Նրանք փորձում են ճիշտ վերարտադրել հին տեխնոլոգիան:
«Մենք ուժեղացնում և վերականգնում ենք կաթողիկոսի նստավայրը: Օգտագործում ենք տուֆ քար, որից էլ այն ժամանակ կառուցվել են պալատները: Օգտագործում ենք նաև հում աղյուս: Իսկ Սուրբ Գրիգորի տաճարի վերականգնման ժամանակ կօգտագործենք տուֆ և կրաքար: Աշխատում ենք ծայրաստիճան զգույշ, որպեսզի չվնասենք պահպանվածը», - ասել է վերականգնման խմբի ղեկավար Արմեն Յուսիսյանը:
Մեծ Հայքի մայրաքաղաք Դվինը հիմնադրել է 4-րդ դարի առաջին կեսին Խոսրով Արշակունի արքայի կողմից: Այստեղ է նա տեղափոխել նաև իր նստավայրը: Քաղաքը տեղակայված էր 400 հա տարածքի վրա: Բնակչությունը կազմել է 150 հազար մարդ: Այդ ժամանակ Դվինը համարվել է Փոքր Ասիայի խիտ բնակեցված քաղաքներից մեկը: 5-րդ դարից Դվինը դարձել է նաև Հայաստանի հոգևոր կենտրոն: Այդտեղ են եղել մայր տաճարը, բազիլիկ եկեղեցին և կաթողիկոսի նստավայրը սյունազարդ դահլիճով, գրասենյակով, ննջասենյակով: Այս ամենը ամբողջովին ոչնչացվել է 13-րդ դարում մոնղոլների արշավանքի ժամանակ: Հիմա նախկին մեծությունը կվերականգնվի:
«Այս հուշարձանները վատ են պահպանվել: Ուստի նախ իրականացվում է ամրացումը, ապա կլինի քաղաքի պատմական տեսքի մասնակի վերականգնումը: Միջնադարում քաղաքը շատ զարգացած է եղել: Տարանցիկ և առևտրային ուղիներ են անցել Դվինով: Եվ մենք պետք է վերականգնենք և պահպանենք այդ պատմամշակութային ժառանգությունը», - ասել է Պատմամշակութային ժառանգության հետազոտական կենտրոնի տնօրեն Հովհաննես Սանամյանը:
Ճարտարապետները վստահ են. շուտով բոլորը կկարողանան տեսնել հնագույն քաղաքը:
«Եթե ֆինանսավորումը շարունակվի, նախատեսվում է ցանկապատել տարածքը, ունենալ անվտանգության աշխատակիցներ, տեղադրել լուսավորություն, ճանապարհներին տեղադրել տեղեկատվական նշաններ: Նախատեսվում են նաև թանգարան կառուցել: Նպատակը տարածքը պատմական ու հնագիտական թանգարան-արգելոց դարձնելն է», - ասել է Դվինի վերականգնման ծրագրի գլխավոր ճարտարապետ Արևիկ Սամուելյանը:
Վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հուլիս: Ամռանը Դվինը կկարողանա դառնալ երկրի ամենակարևոր տուրիստական կենտրոններից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը