«Ադրբեջանը պատրաստվում է 150.000-անոց Արցախի դեմ պատերազմի, իսկ աշխարհը լռում է»․ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հարցազրույց է տվել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Մոսկվա)։
– Պարոն գեներալ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները նույնիսկ ամենաբարձր մակարդակով տեսանելի արդյունք չեն տալիս։ Հաճախ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանը կարող է վերսկսել լայնամասշտաբ պատերազմական գործողությունները: Ի՞նչ եք կարծում՝ հայկական կողմը, մեր իշխանությունները անհրաժեշտ հետևություններ և շտկումներ արե՞լ են այս ամիսների ընթացքում։
– Հետաքրքիր հարց եք տալիս։ Ես այժմ հայրենիքից հեռու եմ գտնվում, մի փոքր վտանգավոր կլինի իմ կողմից կարծիք հայտնել՝ արդյոք իշխանություններն արե՞լ են անհրաժեշտ հետևություններ, թե՞ ոչ։
Բայց եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ապա՝ պետք է որ արած լինեն, հետևություն չանելը հանցանք կլինի Հայաստանի հանդեպ։ Բանն այն է, որ այժմ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, իսկ այդ զորավարժությունները տարբեր նպատակներով են անցկացվում։ Նպատակներից մեկն այն է, որ ուղղակի զորավարժության շղարշի տակ պատրաստվում է ռազմական գործողությունների։ Եվ ուրեմն Ադրբեջանն այժմ պատրաստվում է պատերազմի՝ ընդդեմ Ղարաբաղի։ Այդ ահռելի պետությունը՝ Ադրբեջան անվանմամբ, պատրաստվում է պատերազմի փոքր Արցախի դեմ, և աշխարհը լռում է։
Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը՝ բոլորը լռում են, մտածում են, թե դա զորավարժություն է պարզապես, բայց դա այդպես չէ։ Ալիևն օգտագործում է 60.000-անոց զորք, հարյուրավոր ինքնաթիռներ, զենքեր: Դա պատերազմի պատրաստություն է զորավարժության շղարշի տակ։ Ես՝ որպես զինվորական, որպես մասնագետ, որը մասնակցում էր իրենց Զինված ուժերի ոչնչացման օպերացիային, հայտարարում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է մարտական ամենաբարձր պատրաստվածության բերվեն՝ և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ Զինված ուժերի մասին է խոսքը։ Իսկ պատրաստ են, թե ոչ՝ դա մեր պաշտպանության նախարարության, ՀՀ և ԼՂՀ բոլոր գեներալների, հրամանատարների խղճին է։
– Կարծում եք՝ ռազմական ճանապարհով կոնֆլիկտի կարգավորմանն այլընտրանք չի՞ մնացել։
– Իհարկե, կա՝ դիվանագիտական աշխատանքը։ Բայց մինչև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, դիվանագետները, խորհրդարանականները միջազգային հարթակներում չապացուցեն, որ Արցախը հայկական հող է, պատերազմը հավերժ կշարունակվի կամ էլ այնքան, մինչև մի երկիրը մյուսին ոչնչացնի։ Բայց այդ գործով ոչ ոք այժմ չի զբաղվում, ոչ ոք չի ապացուցում, այդ պատճառով էլ աշխարհը Ադրբեջանի քարոզչության շնորհիվ այլ բանի է հավատում։
Իսկ Ադրբեջանը քարոզում է այն, որ Արցախը իրենց հողն է, և իբր մենք այն զավթել ենք, բայց Ալիևը իր դիվանագետներով սուտասան է պարզապես, ուղղակի իր հասարակությանը լցնում է հայ ժողովրդի նկատմամբ ատելությամբ, որպեսզի այդ մարդիկ էլ մեր դեմ պատերազմ ցանկանան։ Որովհետև եթե դու քո ժողովրդին չտրամադրես ընդդեմ մյուս պետության, այդ ժողովուրդը պատերազմի չի գնա։
Ալիևն ամեն բան ծրագրել է, ժողովրդին տրամադրում է, աշխարհին իր քարոզչությունն է տանում, հիմա էլ իբր թե ուզում է ազատագրել իր հողը։ Բայց Ղարաբաղը մաքուր հայկական հող է։ Եվ միայն 21 թվականի հուլիսի 5-ին Անդրկովկասի բոլշևիկյան բյուրոն այն խլեց Հայաստանից, և Թուրքիայի ու Լենինի հրամանով տվեցին Ադրբեջանին։ Բայց դա հայկական հող է, դա Արևելյան Հայաստանն է։
Ադրբեջանն ուղղակի ԽՍՀՄ փլուզումից հետո հարձակվեց Արցախի վրա ու այն կորցրեց ամբողջությամբ։ Ադրբեջանն ագրեսոր է, բայց ԵԱՀԿ-ն չգիտի այդ մասին, չգիտես ինչու։ Մինչև չապացուցեն, որ դա հայկական հող է, պատերազմը չի ավարտվի, կամ էլ երկու ժողովուրդները կոչնչացնեն միմյանց։ Թուրքիան օգնում է Ադրբեջանին, որովհետև դրանք նույն թուրքական պետություններն են։
Այն, որ Ադրբեջանը հիմա ուզում է պատերազմով վերցնել Արցախը՝ դա փաստ է, բայց մենք դա չպետք է թույլ տանք, մենք այնպիսի միջազգային քարոզչություն պետք է տանենք, որ աշխարհն իմանա, թե ինչ ստախոս է Ալիևը։ Բայց ինչպե՞ս կարող է 7 միլիոնանոց երկրից 150.000-անոց բնակչություն ունեցող ժողովուրդն ինչ-որ բան խլել. այդպես Ալիևն է փորձում ներկայացնել։ Իրենք են հարձակվել, իրենք են ռմբակոծել և արդյունքում պարտվել։
– Դուք ասում եք՝ դիվանագիտական ճանապարհով, այժմ շատ են խոսում փոխզիջումների մասին, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ. երկու տարբերակն էլ ենթադրում է ազատագրված տարածքների հանձնում Բաքվին։ Սա որքանո՞վ պետք է մեզ համար ընդունելի տարբերակ լինի, առայժմ այդ բանակցությունների ֆորմատում ոչ մի այլ բան չի առաջարկվում։
– Իրենք խոսում են տարածքային ամբողջականության մասին, իրենք այդ տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ են համարում, բայց ո՛չ, սիրելի ընկեր, հիմարի մեկը, մենք դա թույլ չենք տա։ Մեր Արցախը երբ 21 թվականի հուլիսի 5-ին տվեցին իրենց, Ադրբեջանը սկսեց փոքր-փոքր շրջաններ զավթել, իսկ մեր բանակն ուղղակի դրանք ազատագրել է։
Ասեմ, որ ամբողջությամբ չի էլ ազատագրել, դեռ հողեր ունենք ետ բերելու, նրանք մեր հողերն օկուպացրել են։ Հիմա էլ Թուրքիան է խոսում, թե՝ ազատագրեք օկուպացրած հողերը, անխիղճի մեկը, իրենք մեր ամբողջ Արևմտյան Հայաստանը օկուպացրել են, հայերին ոչնչացրել, հիմա էլ աշխարհին հավաստիացնում են՝ իբր մենք հող ենք օկուպացրել։ Ոչ մի հող չունենք տալու իրենց։
Այս իրավիճակից դուրս գալու համար ուղղակի աշխարհին պետք է ապացուցենք, որ այդ երկու երկրները ագրեսոր են։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի կամքի ուժի շնորհիվ որոշեցինք Զինված ուժեր ստեղծել, հպարտ եմ, որ իրենց հետ եմ եղել։ Մեր բանակը ազատագրել է Ղարաբաղը, թույլ չի տվել Զանգեզուրը հանձնել՝ սա պատմական փաստ է, և ես հպարտ եմ, որ իրենց կողքին եմ եղել։
– Դուք հիշատակեցիք Վազգեն Սարգսյանի անունը, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ պաշտպանության նորանշանակ նախարարի մասին, ով զինվորական չէ։ Կարծում եք՝ պատերազմի մեջ գտնվող երկրում նրա նշանակումն այդ պաշտոնում ճի՞շտ է։
– Իմ կողմից կոռեկտ չի լինի քննադատել Վիգեն Սարգսյանին։ Ես նրան ճանաչում եմ որպես կարգապահ մարդ։ Նա գրագետ է, խելացի, նվիրված, բարետես թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Պաշտպանության նախարարի նշանակումը գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն է։ Կան երկրներ, որտեղ պաշտպանության նախարարը նույնիսկ կին է, եթե տղամարդ է՝ լինում են նաև ոչ զինվորականներ։ Նրանք հիմնականում վարում են ադմինիստրատիվ-քաղաքական աշխատանք։ Նրանք հետևում են, որ բանակը սոված չմնա, անհրաժեշտ զինատեսակներն ունենա, իսկ ղեկավարում է շտաբը, այսինքն՝ Գլխավոր շտաբի պետը։ Այդպես է շատ երկրներում, իմիջիայլոց՝ նաև Ռուսաստանում։
Շոյգուն նույնպես զինվորական չէ, նա ԱԻՆ-ից էր, ԶՈՒ-ն Գերասիմովն է ղեկավարում՝ Գլխավոր շտաբի պետը։ Այն, որ Վիգեն Սարգսյանը չգիտի զինվորական շատ հարցեր, հոգ չէ։ Նա կարող է կուրսեր անցնել, ես, օրինակ, մեծ հաճույքով կոնսուլտացիաներ կանեմ իր հետ, և ինձ նման շատ մարդիկ կան, որ պատրաստ են իրեն օգնել, և նա կարող է մտնել ընդհանուր մթնոլորտի մեջ, մնացածն էլ իր խղճին։ Իմ կարծիքով՝ ընդհանուր ռազմավարությունը Սարգսյանը պարտավոր է իմանալ։
– Վիգեն Սարգսյանն առաջարկում է ազգ-բանակ կոնցեպտը։ Ձեր կարծիքով՝ այն Հայաստանում ինչքանո՞վ հնարավոր կլինի կիրառել։
– Իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե հայերը, ինչպես հրեաները, չվերածվեն բանակի՝ Հայաստանը կմահանա։ Հայաստանը հայտնվել է դավաճան պետությունների ու ազգերի ճանկերում՝ թուրքերի ու ադրբեջանցիների, ինչպես նաև վրացիների, որոնք գործակցում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Մեր միակ բարեկամը Իրանն է, որի հետ պետք է բարեկամական հարաբերություններ ունենանք։ Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, անվտանգություն ամրապնդենք, և բոլորս պետք է, այո՛, դառնանք ազգ-բանակ։
– Բայց Վիգեն Սարգսյանի առաջարկած ազգ-բանակ կոնցեպտը մի փոքր այլ ենթատեքստ ստացավ՝ նկատի ունեմ այդ 1000-ական դրամների աղմկահարույց օրինագիծը։
– Ցավոք սրտի, ես Հայաստանի բյուջեին ծանոթ չեմ։ Բայց եթե դուք որպես շարքային քաղաքացի վճարում եք մեկ դրամ, ապա նա, ով միլիոններ ունի՝ պետք է 1000 դրամ վճարի։ Պետք է, այո՛, բանակը կերակրել, զինատեսակներ գնել, դրա համար էլ գումար է պետք։ Ես չգիտեմ, գուցե չի հերիքում գումարը։
Ասում են՝ իբր զինվորներին լավ չեն կերակրում, բայց պետք է վերահսկել, որ ամեն ինչ նորմալ լինի։ Եվ գլխավորը՝ պետք է պատասխան տան, եթե ինչ-որ բան այն չէ։ Մեր զինվորը պետք է նորմալ հագուստ ունենա, լավ ուտելիքով սնվի, որպեսզի իր հայրենիքը պաշտպանի, բոլորս պետք է լծվենք հայրենիքի պաշտպանության գործին։ Բոլոր նրանք, ովքեր գնացել են սովորելու, պետք է վերադառնան։ Այնպես չիլինի, որ մեկի տղան գնա սովորի, մյուսինը առաջնագծում կանգնի։