Որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում. Թովմաս Գրիգորյան
ՍՊՈՐՏ«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր և սեփականատեր Թովմաս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «Լոռի» ֆուտբոլային թիմը չի մասնակցի ՀՀ առաջնությանը:
Գրիգորյանը, մասնավորապես, գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.
Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ Լոռի ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց' չսկսելով հանդիպումը Երևանի Արարատի հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։
Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել Լոռի ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։
Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. Լոռին կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ' պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»։