Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև սահմանային խնդիրներին և վստահեցրեց, որ սահմանապահ զորքերը Սյունիքում իրենց խնդիրները լուծում են առկա և՛ մարդկային, և՛ նյութական ռեսուրսների սահմաններում։
«Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մենք ունենք չլուծվող խնդիրներ», - շեշտեց Հարությունյանը։
Հիշեցնենք` սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի մոտ գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց էին տալիս իրենց պայմանները և նշում, որ իրենց ոչնչով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն, իրենց ասվել է՝ «պոստը թողեք», բայց իրենք չեն թողել։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել էր տեսանյութին՝ նշելով, համապատասխան մարմիններն արդեն զբաղվում են հարցով։ Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ հրապարակված տեսանյութի առթիվ ՊՆ Կապանի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։
Կապանի հենակետի հրամանատարը՝ կամավորական Արտակ Հարությունյանը, կանչվել էր ՌՈ։